Նորություններ

Սուրեն Պապիկյանը՝ ՔՊ նախագահ դառնալու մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ՔՊ նախագահ դառնալու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր անունը չի քննարկվում ապագա վարչությունում, ինքն ընդամենը «Քաղաքացիական պայմանագրի» ապագա վարչության անդամության թեկնածու է: Պապիկյանը նաև հավելեց, որ իրենց կուսակցության նախագահի հարցը բարձրացավ այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց պաշտոնը վայր դնելու մասին։

«Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը վայր դնելու պարագայում այդ դերակատարումը ստանձնում է փոխնախագահը, այս դեպքում ՔՊ կուսակցության փոխնախագահը ես եմ։ Սակայն մենք հայտարարել ենք՝ հունիսի 15-ին տեղի է ունենալու կուսակցության համագումարը, որն ընտրելու է նոր վարչություն, և հնարավոր է վարչության անդամ էլ չլինեմ: Մեզ մոտ ռեյտինգային ընտրակարգով ընտրվելու է նոր ընտրված վարչությունից»:

Անդրադառնալով ՔՊ-ում առկա ներկուսակցական պայքարին՝ Պապիկյանն ասաց, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ կուսակցության ներսում էլ պետք է լինի առողջ մրցակցային գաղափարական պայքար։

«Եթե տվյալ անձը դարձել է կուսակցության անդամ, ուրեմն ընդունել է կուսակցության գաղափարները և ծրագիրը, հետևաբար կարող է ղեկավար կազմի անդամ դառնալ»,- հավելեց Պապիկյանը։

Այն հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հաճախ հայտնվում է սկանդալային իրավիճակներում իր բարեկամներին պաշտոնների նշանակելու հետ կապված, նշեց, որ նման խնդիրները հաճախ մտացածին են։

«Ես հին, նախկին մեթոդների հետ չեմ ուզում համեմատել այսօրվա իրողությունները, բայց մի բան ինձ համար հստակ է, ես անձամբ իմ նշանակումներում առաջնորդվում եմ մարդու որակներով։ Ես ինքս բարեկամական սկզբունքով նշանակումներ չեմ անում և վստահ եմ, որ մեր գործընկեր պաշտոնյաներն էլ չեն առաջնորդվում դրանով»։ 

 

Ավելին
Back to top button