Նորություններ

Պարզեք՝ ինչ վիտամինի պակաս ունեք կամ ինչպես սնվել գարնանը

Շատ հաճելի եղանակ է հիմա, տաք քամի, արև, ձմեռվա ցրտից ընդարմացած մարմինների ազատագրում` արևի ջերմության ազդեցությամբ: Սակայն գարունը մեր օրգանիզմի համար ոչ միայն բերկրանքի , այլև վիտամինների անբավարարության, նաև, ինչ-որ չափով նվաղման ժամանակաշրջան է: Ավիտամինոզն այն բանը չէ, որ կարելի է ականջի ետև գցել, չմտածել դրա մասին և ընդհանրապես լուրջ չընդունել:

Ձմռանն անշուշտ միրգ ուտում ենք, սակայն դրանք մինչ մեր սեղանին հայտնվելը երկար ժամանակ պահպանման համար մշակվում են հատուկ միջոցներով, ինչի հետևանքով օգտակար հատկությունների մեծ մասը, այդ թվում վիտամիններն ու միկրոտարրերը կորչում են: Պահածոյացումը, ռաֆինացումն ու մշակումը նույնպես անբարենպաստ ազդեցություն են ունենում սննդի օգտակար հատկությունների վրա:

Ում ծանոթ չէ փխրուն, խամրած ու թափվող մազերի խնդիրը, թեփոտող չոր մաշկը: Դրանք ավիտամինոզի առաջին նշաններն են: Ավելի բարդ դեպքերում միկրոտարրերի ու վիտամինների անբավարարությունը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են առիթմիան, ջղակծկումները, քրոնիկ հիվանդությունների սրացումը: Փոքրիկների դեպքում D վիտամինը, որը մշակվում է միայն արևի լույսի ազդեցությամբ, հազվադեպ` աշուն-ձմեռ սեզոնին, կարող է հանգեցնել ռախիտի, ինչը հղի է կմախքի ոսկրերի ձևախախտմամբ:

A վիտամինի անբավարարություն

Ընդհանուր թուլություն, շնչառական, միզարտադրական համակարգերի ու մարսողական տրակտի ինֆեկցիոն ախտահարումներ, թուլություն, երեխաների մոտ` աճի ու զարգացման դանդաղում ու նյարդաբանական խախտումներ: A վիտամին կա կարագի, ձվի դեղնուցի, լյարդի (հատկապես ձկան ու ծովային կենդանիների), գազարի մեջ:

B վիտամին

Գերգրգռվածություն կամ էլ արգելակման զգացողություն, անքնություն, վերին ու ստորին վերջույթների պոլինևրիտներ, մաշկի զգայնության կորուստ, ախորժակի նվազում, անորեքսիա, ստոմատիտ, գլոսիտ (վառ կարմիր, չոր լեզու), դեմքի, գլխի մազածածկույթի, պարանոցի հատվածում, դաստակների շրջանում չոր քորով ուղեկցվող դերմատիտ: Հիպոքրոմային անեմիա, նիհարում, թուլություն, գլխացավ, տեսողության խանգարում, մաշկի այրոցքի զգացողություն, ծակծկոց աչքերում, հևոց, սրտխփոց` ֆիզկական ծանրաբեռնվածության ժամանակ: Պարունակում են բուսական ու կենդանական մի շարք մթերքներ: Ամենաշատ B վիտամինով հարուստ են կաթը, պանիրը, կաթնաշոռը:

C վիտամինի անբավարարություն

Ընդհանուր թուլություն, մազանոթների փխրունություն` կապտուկների գոյացմամբ, լնդերից արյունահոսություն, տեսողության թուլացում, լորձաթաղանթների ձևախախտում: Առկա է թուրինջի, կիտրոնի, մասուրի, հատապուղների ու մրգերի, կաղամբի (նաև` թթու) մեջ, եթե ջերմամշակման չեն ենթարկվել:

D վիտամինի անբավարարություն

Ռախիտ երեխաների մոտ, թուլություն առանց պատճառի, ատամների ապահանքայնացում, օսթեոպորոզ, ցավ ոսկրերում ու մկաններում: Մաշկի զգայնության խանգարում, դիաբետի զարգացման ռիսկ, հիպերտոնիա, քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգ: D վիտամինն արևի ճառագայթների ազդեցությամբ է հիմնականում մշակվում: Սակայն փոքր չափաբաժիններով D վիտամին են պարունակում կարագը, կաթը, ձվի դեղնուցը, լյարդը, որոշ ձկնատեսակներ ու ծովամթերք:

finance.am

Ավելին
Back to top button
Close