Պողոսը լինի իշխանության, թե մեկ ուրիշը, ինձ համար կարեւոր չէ. Մասիսի քաղաքապետ

«Պողոսը լինի իշխանության, թե մեկ ուրիշը, ինձ համար կարեւորն այն է, որ ժողովուրդն իրեն լավ զգա»: Այսօր Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որպես ՀՀԿ անդամ ուզում է, որ ՀՀ-ում իշխանափոխություն լինի:
Դավիթ Համբարձումյանը հրաժարվեց նաեւ իր եւ եղբոր դեմ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցերին պատասխանել՝ հայտարարելով, որ իր դեմ քրեական գործ հարուցելու փաստի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
«Ինձ մեղադրանք է առաջադրված, բայց մեղավորությունս ապացուցված չէ։ Նորմալ աշխատում եմ»,-ասաց Դավիթ Համբարձումյանը:
Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների Դավիթ Համբարձումյանը եւ նրա սանիկ` Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն առնչություն ունեն 2018թ. Էրեբունի համայնքում ցույցերի մասնակիցների եւ լրագրողների դեմ դուրս եկած դիմակավորված անձանց խմբի հետ։