Նախկին համակարգում էլիտայի ներկայացուցիչները կարող էին անել ամեն բան. Նրանք կիսաաստվածներ էին

Անհատական ջանք եւ անհատի վերափոխում: Ըստ վարչապետ Փաշինյանի՝ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալը հենց այդ գաղափարախոսությունն է:
«Իմ քայլլը հանուն Արարատի մարզի» ֆորումի ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ
տնտեսական հեղափոխությունը շարունակությունն է այն քաղաքական փոփոխությունների, որը ՀՀ-ում տեղի ունեցավ:
Նրա խոսքով, հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը այն էր, որ անձը ոչինչ անել ի վիճակի չէ:
«ՀՀ քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել կամ եթե նույնիսկ կարող էր շատ սահմանափակ, այն էլ որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ և հովանավորությամբ»: Քանի որ ըստ վարչապետի՝ նախկին համակարգում միայն էլիտայի ներկայացուցիչները կարող էին անել ինչ-որ բան: Նրանք Փաշինյանի բնորոշմամբ կիսաաստվածներ էին, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր:
Մինչդեռ ապրիլյան հեղափոխությունը փոխել է «ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին» հարցի պատասխանը: Հիմա ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, նրա ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ պայմանով, որ խոսքը գնում է ստեղծարար և օրինական փոփոխությունների մասին:
«Այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը դարձնում է և պիտի դարձնի աշխարհի ամենաառաջատար տնտեսական երկրներից մեկը»,-ասաց ՀՀ վարչապետը: