Նորություններ

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի «հետմահու» գրությունը կեղծված է․ փաստաբանը պահանջում է քննիչի բացարկը. forrights.am

Ապրիլյան պատերազմի հերոս, 2017 թվականի օգոստոսի 20-ին, Մեղրիի N զորամասում մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հարազատների համոզմունքը առ այն, որ իրենց որդին ինքնասպան չի եղել, կարծես, նոր հիմնավորում է ստանում։ Նոր փաստ է հայտնի դարձել, որն ապացուցում է, որ քննիչների առաջ քաշած ինքնասպանության վարկածը կեղծ է։

Հիշեցնենք՝ նախաքննական մարմինն ապացուցված է համարում, որ դեպքի օրը Անդրանիկ Մկրտչյանը նշանածին հրաժեշտ տալուց հետո իր «Ֆոլկսվագեն» մեքենայով վերադարձել է քաղաք Ագարակ, մտել է իր հանրակացարանը, որտեղ բնակվում էր, իր սենյակում ընկերոջ հետ ձվածեղ է կերել, ափսեները կեղտոտ դրել է լվացարանի մեջ, դուրս է եկել, երեք րոպեում հասել է զորամաս, մտել է վաշտի զինանոց, այնտեղից վերցրել է իր ինքնաձիգը, գնացել է զորամասում գտնվող իր աշխատասենյակը և ինքնասպան է եղել: Որևէ պատճառ քննիչները չեն ներկայացրել։

Ըստ նախաքննության մարմնի՝ կապիտանի ծոցագրպանում հայտնաբերել են գրություն, որով նա խնդրում է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել:

«Ոչ մեկի պետք չէ մեղադրել ու մեղավորներ ման գալ, ես գիտակցել եմ ինչ եմ արել», — ասվում է գրության մեջ: Նախ, նկատենք, որ հետմահու գրության դեպքում տրամաբանական կլիներ ներկա ժամանակի օգտագործում՝ «գիտակցում եմ, ինչ եմ անում», բայց գրության հեղինակը ինքնասպանության մասին խոսում է անցյալ ժամանակով, ինչն առնվազն նշանակում է, որ նա կենդանի է:

Տարօրինակ շարադրանքով այս գրությունը նախաքննության մարմնի միակ հիմքն է կապիտանի մահը որպես ինքնասպանություն որակելու։

Անդրանիկ Մկրտչյանի հարազատները չեն ճանաչում իրենց որդու ձեռագիրը, չեն հավատում ձեռագրաբանական փորձաքննությանը, որի համաձայն գրությունը գրված է կապիտանի ձեռքով:

«Պարզ երևում է, որ դա իմ որդու ձեռագիրը չէ։ Մենք փաստաբանի հետ տետր էլ ենք տարել իր վերջին գրառումներով։ Ինքը գրում էր մանր և թեք։ Իսկ այդտեղ ուրիշ ձևով է։ «Մ»-ի պոչն են ջնջել, նմանեցրել են, տողադարձն են անգրագետ արել։ Իմ երեխեն երբեք ինքնասպան չէր լինի, քանի որ նա Թալիշի մարտերի հերոս էր,- ասում է Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը, — իմ երեխու սպանությունը իրենք ծածկում են, իրանք իմ երեխուն սպանել են, բերել են կաբինետում պառկացրել են։ Սաղ սարքած ա»։

Եվ ահա տուժողի իրավահաջորդներին հայտնի է դարձել, որ իրեղեն ապացույցների թվում գոյություն ունի Անդրանիկ Մկրտչյանի՝ իբր հետմահու գրության սևագիրը: Ստվարաթղթի կտորի վրա, որի պատճենը ներկայացված է լուսանկարում, տառերի մասնիկներ և առանձին բառեր են: Սա կարող է նշանակել, որ անձը, որը գրել է «հետմահու» գրությունը, մինչ այդ փորձել է վերարտադրել կապիտանի ձեռագիրը և այն յուրացնելու համար վարժություններ է կատարել ստվարաթղթի վրա:

Ահա այս թուղթն էլ կեղծարարի «վարժություններով» վկայում է, որ իրականում ոչ մի հետմահու գրություն էլ չի եղել, իսկ քննիչները պաշտոնեական հանցագործություն են կատարել՝ իրեղեն ապացույց ստեղծելով, սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար արհեստական հիմք ստեղծելով:

Այս կարծիքը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց քրեագետ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը մանրամասն ուսումնասիրել է գործի նյութերը և փորձագիտական եզրակացությունները:

«Նա, ով պետք է հանցագործությունը կատարեր, — ասում է Մարտիրոսյանը, — սևագիր է արել, որպեսզի հաջող կեղծի Անդրանիկի ձեռագիրը, ապա նոր գրել է այն: Իրենք գրում են, իբրև Անդրանիկ Մկրտչյանի գրպանում են հայտնաբերել այս թուղթը, բայց իրենք այս կեղծ գրությունը գրել են օրեր անց և փոխել են տեղազննության արձանագրությունը, նոր արձանագրություն են կազմել, որում եղել է արդեն այս գրությունը։ Ինչ-որ մեկի ականջից բռնել են, բերել են Անդրանիկի տուն, ասել են՝ գրի: Սա էլ որպեսզի գրի, տառերը նմանեցրել է իր ձեռքի տակ եղած Անդրանիկի ձեռագրին։ Եթե այս թղթի վրա չկար ոչինչ գրված, իսկ հիմա կա, նշանակում է, մենք գործ ունենք կեղծարարի հետ, որը գրել է այդ բառերը, այսինքն, կատարվել է հանցագործություն: Ամբողջ ապացույցը կեղծված է։ Այդ գրությունը Անդրանիկը չի գրել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ավելին
Back to top button