Նորություններ

Վարչապետի աշխատակազմին սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, եւս 7-ը՝ հերթապահ. Կառավարություն

Վարչապետի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կրճատվել են 33-ով, բայց կան հերթապահ մեքենաներ։  Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմին հասցեագրված մեր հարցման պատասխանում։

Ապրիլի 15-ին «Փաստինֆո» գործակալությունը հարցում ուղարկեց աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ տեղեկանալու քանի ավտոմեքենա է կրճատվել, և որքան վառելիք է խնայել կառավարությունն այս ընթացքում։

Մասնավորապես խնդրել էինք տեղեկացնել այն մասին, թե 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ վարչապետին և կառավարությանը սպասարկող քանի ծառայողական մեքենա է եղել, ում է սպասարկել և ամսական որքան վառելիք է օգտագործվել։ Խնդրել էինք ասել նաև, թե ապրիլի 1-ի դրությամբ քանի ծառայողական ավտոմեքենա կա, ում է սպասարկում դրանցից չուրաքանչյուրը և  որքան վառելիք է ամսական հատկացվում, ում են սպասարկում հերթապահ մեքենաները եւ նրանց համար որքան վառելիք է հատկացվում։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղարկած հարցման միջոցով փորձեցինք հասկանալ նաև՝ ինչպիսին է հերթապահ ավտոմեքենաներից օգտվելու պայմանները, արդյոք հաստատվել է հերթապահ մեքենաների շահագործման կարգը՝ խնդրելով մեզ տրամադրել այդ կարգի պատճենը, ի վերջո կրճատումների արդյունքում վառելիքի խնայողություն արվել է, թե ոչ,եթե այո, ապա որքան։

Հարցմանն ի պատասխան կառավարությունից այսօր  ստացված գրության համաձայն՝ հունվարի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկել է 43 ծառայողական ավտոմեքենա, իսկ ապրիլի 1-ի դրությամբ 10, եւս 7 մեքենա գործում է որպես հերթապահ։ 

ՀՀ վարչապետի ծառայողական ավտոմեքենաների սպասարկումն ապահովում է Ազգային Անվտանգության ծառայությունը, իսկ ապրիլի 1-ի դրությամբ աշխատակազմին հատկացված 10 ծառայողական ավտոմեքենաները սպասարկում են՝ երկու փոխվարչապետերին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայանության կապերի վարչությանը, արարողակարգի պատասխանատուին, երեք պաշտոնաթող նախագահներին և Կ. Դեմիրճյանի այրուն։ Հաջորդիվ կներկայացնենք նաև, թե որքան վառելիք է նախկինում տրամադրվել ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրին և որքան է տրամադրվում այս պահի դրությամբ։

Հերթապահ 7 մեքենաների շահագործումն սկսվել է 2019 թվականի մարտի 30-ին, սակայն կառավարությունը չի պատասխանել, թե ում են դրանք սպասարկում, որ պաշտոնյաներին, ովքեր են իրավասու օգտվել այդ մեքենաներից։

«Հերթապահ ավտոմեքենաները տրամադրվում են համաձայն ներկայացված զեկուցագրի՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, գործերի կառավարչի թույլտվությամբ գրավոր հայտի հիման վրա»,- նշված է պատասխանում։ Ինչ վերաբերում է 7 հերթապահ ավտոմեքենաներին տրամադրվող վառելիքին, ապա այդ մասին եւս կառավարությունը որեւէ տեղեկատվություն չի տրամադրել։

«Հերթապահ ավտոմեքենաները 7-ն են, որոնց շահագործումը սկսվել է 2019 թվականի մարտի 30-ից։ Հերթապահ մեքենաներին վառելիք տրամադրվում է ըստ փաստացի կատարված վազքի», -հայտնել են կառավարությունից, իսկ թե անցած մեկ ամսում հերթապահ մեքենաներից յուրաքանչյուրի վազքն ինչքան է եղել՝ ոչ մի խոսք այդ մասին։

Վարչապետի աշխատակազմը լռել է նաեւ հերթապահ մեքենաների շահագործման կարգի մասին, հետեւապես չի տրամադրել այդ կարգի պատճենը։ Բայց տրամադրվել է 2019 թվականի հունվարի 1-ի եւ ապրիլի 1-ի դրությամբ առկա ծառայողական ավտոմեքենաների ցուցակը եւ հատկացված վառելիքի ծավալը, ինչը կներկայացնենք հաջորդիվ։

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան

pastinfo.am

Ավելին
Back to top button