Նորություններ

«Մեզանից որևէ մեկը կառչած չէ մանդատից, և ցանկացած պահի մենք կարող ենք, եթե լինի նման անհրաժեշտություն, վայր դնել այն». Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՈ կուսակցության կողմից Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջին, նշեց, որ դիմումը համարում է բացարձակ հիմնազուրկ: Պատգամավորը փաստում է, որ, այո, ձեռներեցները չեն կարող լինել խորհրդարանում, բայց դա չի վերաբերում Գագիկ Ծառուկյանին:

«Գագիկ Ծառուկյանի բիզնեսները հանձնված են  հավատարմագրային կառավարմանը, և եթե պարբերաբար որպես սեփականատեր Ծառուկյանը հետաքրքրվում է իր հավատարմագրային կառավարման հանձնած բիզնես խնդիրներով, դա նորմալ է, այլապես անտրամաբանական կլիներ, որ սեփականատերը բացարձակապես չհետաքրքրվեր, թե կառավարիչներն ինչպես են տնօրինում այն»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԲՀ խմբակցությունն ամբողջությամբ վայր կդնի խորհրդարանի մանդատները, եթե իշխանությունը որոշի գնալ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ճանապարհով, շեշտեց, որ իրենք նման հարց չեն քննարկել, բայց խմբակցությունում որևիցե մեկը, այդ թվումը ինքը և 26 պատգամավորները մանդատից կառչած չեն: Ըստ Զոհրաբյանի՝ մամուլի հրապարակումն իրավական հիմք  չուներ նաև այն առումով, որ եթե անգամ իրենց խմբակցությունում բոլորը վայր դնեն մանդատները, դա չի բերելու խորհրդարանի լուծարմանը:

«Մեզանից որևէ մեկը կառչած չէ մանդատից, և ցանկացած պահի մենք կարող ենք, եթե լինի նման անհրաժեշտություն, վայր դնել այն, բայց սահմանադրությունը  չի ենթադրում, դրանից չի բխում, որ խորհրդարանը կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է՝ նույնիսկ եթե ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի բոլոր համամասնական ցուցակներով առաջադրված պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, խորհրդարանը չի գնալու լուծարման:

Ավելին
Back to top button