Արթուր Վանեցյանը ՔՈ անդամին երեք օր է տվել հերքման համար
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքման պահանջով դիմել է «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Այս մասին տեղեկացնում է Գարեգին Միսկարյանը։
Պատճառը «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամի ֆեյսբուքյան գրառումն է: Միսկարյանը հայտնել է, որ Արթուր Վանեցյանը զբաղվում է վառելիքի ներկրմամբ։
«Էն որ Վայեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»,- գրել է Միսկարյանը։
Վահե Ենգիբարյանը հերքման տեքստում նշել է. «Հոդվածում հրապարակված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դրանք իրենց մեջ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն»։
Միսկարյանին առաջարկվել է եռօրյա ժամկետում հերքել գրառմամամբ տարածված տեղեկատվությունը:
«Միաժամանակ տեղեկացնում եմ , որ նշված տեղեկությունը սահմանված կարգով չհերքելու դեպքում , ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների»,- ասված է ԱԱԾ տնօրենի ներկայացուցչի ուղարկած դիմումում։