Նորություններ

Մենք օր ու արև չենք տալու այն մարդկանց, ովքեր պատգամավոր լինելով զբաղվում են բիզնես գործունեությամբ. ՔՈ խոսնակ

Օլիգարխների քաղաքականությամբ չզբաղվելու հարցը լինելու է մեր օրակարգում և  պարբերաբար շարունակելու ենք այս թեման ուշադրության կենտրոնում պահել: ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ‹‹Քաղաքացու որոշում›› սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:

Հիշեցնենք, որ օրերս ՔՈ-ն դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով ‹‹Բարգավաճ Հայաստան››  խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, ինչպես նաեւ քրեական գործ հարուցել։

‹‹Փաստինֆո››-ի այն հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե Ծառուկյանը մանդատից չզրկվի, ՔՈ խոսնակը պատասխանեց. ‹‹Խնդրի չլուծման դեպքում մենք եզրակացություններ կանենք և կառավարող ուժին մեր համոզմունքին բերելուն ուղղված քայլեր կսկսենք››:

Նահապետյանը նշեց, որ օլիգարխներին քաղաքականությունից հեռացնելու համար իրենց հարազատ են բոլոր գործիքակազմերը՝ բողոքի ակցիաներ,  բլոկադաներ եւ թե իրավական ուղին:

‹‹Մեր քաղաքական գործունեության պատմությունը ցույց է տվել, որ չկա քաղաքացիների իրավունքների իրացման այնպիսի գործիք, որը մեզ հոգեհարազատ չէ, բացի հացադուլից››,-ասաց ՔՈ խոսնակը:

‹‹Մենք օր ու արև չենք տալու այն մարդկանց, ովքեր պատգամավոր լինելով զբաղվում են բիզնես գործունեությամբ, դժվարացնելու ենք իրենց կյանքը, որպեսզի հասկանան՝ բիզնեսմենի համար ամենաանհարմար տեղը քաղաքական դաշտն է››,-ասաց Նահապետյանը:

Անդրադառնալով ՔՈ ղեկավար Սուրես Սահակյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ եթե ապօրինի կուտակված սեփականության հարցը չլուծվի, ապա մտահոգություն կա, որ հարցը կլուծվի բռնի ճանապարհով՝ ‹‹Փաստինֆո››-ի թղթակիցը փորձեց ճշտել , թե ինչ բռնի ճանապարհի մասին է  խոսքը և  արդյոք այս հայտարարությունն իր մեջ սպառնալիք չի պարունակում:

‹‹Խոսքը գնում է պարզ քաղաքագիտական կանխատեսման մասին: Մարդիկ ունեն արդար պահանջ ապօրինի կուտակված սեփականության հարցի լուծման մասով: Այդ հարցը լուծվելու է վաղ թե ուշ, և մենք ուզում ենք, որ դա արվի ոչ բռնի, համերաշխության ճանապարհով››,-ասաց Նահապետյանը:

Նա նշեց, որ եթե ապօրինի սեփականություն կուտակած մարդիկ չհասկանան իրավիճակն ու ընդառաջ չգնան, կպարզվի, որ խնդիրը խաղաղ լուծելու տարբերակը չի աշխատում, և քաղաքացինեը  հաջորդ ընտրություններում կամ այլ փողոցային հեղափոխություններում կկանգնեն  այն ուժերի կողքին, որոնք զենքով և բռնության ճանապարհը կառաջարկեն:

‹‹Մարդիկ գնում են այն ամենի հետևից ինչը աշխատող է և լուծում է իրենց խնդիրը: Հույս ունեմ որ օլիգարխիկ շրջանակները ևս կգիտակցեն, որ դա անհրաժեշտ է և հանրությանը հիասթափեցնելով չեն մղի այլ ռադիկալ վեկտորների մեջ մտնելու››,-ասաց ՔՈ խոսնակը:

Նահապետյանի դիտարկմամբ՝ հայտարարության մեջ  ոչ մի կերպ սպառնալիք չկա, ընդհակառակը սրտացավ նախազգուշացում է, որովհետև իրենք չեն ուզում՝ Հայաստանում որևէ մեկին որևէ բան պատահի:

Փաստինֆո

Ավելին
Back to top button