ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Մայիսմեկյան շքերթն անցնում է Երեւանի փողոցներով

Երևանում մայիսի 1-ին Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ երթ է կազմակերպել:

Երթի նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը, բարձրաձայնել աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի աշխատավորներին ողջ աշխարհի աշխատավորների շարժման մասը դարձնել։

Երթը մեկնարկել է Ավետիք Իսահակյանի արձանի մոտից և ավարտվելու է Հանրապետության հրապարակի մոտ՝ ՀԱՄԿ-ի շենքին հարող տարածքում: Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն ընդգծեց, որ հեղափոխությունից հետո սա առաջին Մայիսի 1-ն է, այսօր իսկապես տոն է:

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը: Տոնը սկզբում կոչվել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր»: Մայիսի 1-ն առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման ընթացքում, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր: 1886թ.-ի մայիսի 1-ին 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով ամերիկացի բանվորները գործադուլ էին կազմակերպել Չիկագոյում։ Ակցիաներն ավարտվեցին ոստիկանության հետ արյունալի բախումով։

1889թ․ հուլիսին 2-րդ Ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան բանվորների պայքարի, մայիսի 1-ին ամենամյա շքերթներ անցկացնելու որոշում կայացրեց։ Հետագայում օրը տոնական դարձավ աշխարհի շատ երկրներում:

Ավելին
Back to top button