Նորություններ

Երեւանում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվեց

Մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։ Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացավ։ Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։

Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 1\1 շենքի հետնամասում։ Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզեցին կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվեց իր բնակարանում ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։

31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվեց։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

Ավելին
Back to top button