Նորություններ

Սպանություն Երևանում. 2 եղբայրներից մեկը մահացել է

Այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, ու Երևանի ոստիկանապետի կողմից ստեղծված օպերատիվ խումբը տաք հետքերով հայտնաբերել է կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կայքի տեղեկություններով, նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Սարգսյանն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։ Սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում բաժնի պետի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Քասինյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Back to top button
Close