Նորություններ

Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգողին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգող Ինսկե Վանդորմայելին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բաժնի նախկին համակարգող Զուրաբ Բուրդուլին:

Փոխնախարար Խաչիկյանը նշել է, որ համագործակցության իրացման մեծ ներուժ կա՝ հատկապես քրեակատարողական ոլորտում: Տիգրան Խաչիկյանի խոսքով, այս հանդիպումը լավ հնարավորություն է առկա խնդիրներն ու ձեռքբերումները քննարկելու, «գույքագրելու» և խնդիրներին որոշակի լուծումներ առաջարկելու համար:

Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության հանձնառությունը առկա համագործակցությունը բոլոր ուղղություններով զարգացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականի մարտին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում համագործակությանը վերաբերող հարցեր, որոնք հիմնականում առնչվել են ազատազրկված անձանց և նրանց ազգականների միջև ընտանեկան կապերի ամրապնդմանն ուղղված նախագծերի իրականացմանը, որոնցով թիրախավորվելու են առավել խոցելի խմբերը, ինչպիսիք են՝ օտարերկրացիներն ու այն հայ ազատազրկված անձինք, որոնց ազգականներն իրենց գրեթե կամ ընդհանրապես չեն տեսակցում: Փոխնախարար Խաչիկյանն ընդգծել է, որ համագործակցության տեսլականն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության գործող ծրագրին և քրեակատարողական ոլորտում որդեգրած քաղաքականությանը:

Անդրադառնալով ԿԽՄԿ հասատանյան պատվիրակության հետ համագործակցության արդյունքում քրեակատարողական հիմնարկներում ներդրված տեսակապի ծրագրին՝ Տիգրան Խաչիկյանն այն բարձր է գնահատել և գործընկերների հետ քննարկել տեսակապի զարգացման համար նոր գործիքներ ներդնելուն վերաբերող հարցեր:

Ավելին
Back to top button
Close