Նորություններ

Քոչարյանին աջակցություն ցուցաբերող երկիրը ապաստան կտա նաեւ Միհրան Պողոսյանին

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շեշտում է, որ իրականում ոչ մի քաղաքական հետապնդում չկա Միհրան Պողոսյանի նկատմամբ, քանի որ նախորդ ռեժիմի ժամանակ էլ նրա վերաբերյալ քրեական գործ է հարուցված եղել, հետևաբար խոսքը գնում է բացառապես կրիմինալի մասին:

«Սա ցույց է տալիս նախորդ հանցավոր ռեժիմների թշվառությունը, որովհետև պարզվեց, որ գեներալը Ռուսաստանի Դաշնության կամ քաղաքացի է, կամ քաղաքացիություն- ապաստան է հայցում, կամ հանձնվում ու թաքնվում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որի համաձայն Ռուսաստանում կալանավորված Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի իշխանություններից:

Ըստ իրավապաշտպանի՝ Ռուսաստանում հանձնվելը շատ խորհրդանշական է:

«Որևէ մեկը չի գնում Եվրոպա հանձնվելու, որևէ մեկը ԱՄՆ-ից ապաստան չի խնդրում, այլ գնում են հենց այնտեղ, որ պետությանը որ իրենք իրականում ծառայել են: Գիտենք, որ նախկին իշխանությունները ծառայում էին և ստրուկն էին Ռուսաստանի Դաշնության, և իրենք այդ ամբողջ հովանավորչությունը, հանցագործությունները կատարում են Ռուսաստանի հովանավորության ներքո»,- հավելեց Կարապետյանցը:

Հարցին, թե արդյոք ամեն դեպքում Միհրան Պողոսյանին կտրվի՞ քաղաքական ապաստան, իրավապաշտպանը պատասխանեց.

«Իմ շատ գործընկերներ կասկածի տակ են դնում, որ կտրվի, բայց ես կարծում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ կարող են տալ, որովհետև անթաքույց Ռոբերտ Քոչարյանին աջակցություն ցուցաբերելը, այդ թվում նաև Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, որ ամեն կերպ փորձում են Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել որպես քաղաքական բանտարկյալ, և ցույց տալու համար, որ, այո, ներկայումս նախորդ իշխանությունները հետապնդվում են, կարող են նաև քաղաքացիություն տալ Միհրան Պողոսյանին»: Հիշեցնենք՝ ըստ Հատուկ քննչական ծառայության, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Ավելի վաղ Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել։

Ավելին
Back to top button
Close