«Կոչ եմ անում Վանեցյանին այդ թեմայով այլևս չխոսել». Սանասարյան

«Երբ որ մենք պայքար սկսեցինք հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, ինձ զգուշացրեցին, որ մտնում ենք մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է սկսվում, նախկին օլիգարխների դաշտ ենք մտնում: Իմ պատասխանը հետևյալն է եղել, որ ինձ չի հետաքրքրում, պետք է օրինականությունը պահպանվի»:
Այս մասին ասուլիսում հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Հարցին, թե կոնկրետ ինչ էին զգուշացրել ու ովքեր, Սանասարյանը պատասխանեց.
«Ինձ նախազգուշացրել են, որ նման դաշտ եմ մտնում: Աշխատակիցներն էին զգուշացրել, ովքեր տեղյակ են, թե 40-45 տոկոսով ում է դաշտը պատկանում»:
Հարցին, թե արդյոք Ձեր աշխատակիցները զանգահարել են առողջապահության կենտրոններ և կարգադրել չափորոշիչները փոխել և հարմարեցնել այն ընկերության չափորոշիչներին, որը պատկանում էր ՊՎԾ աշխատակիցներին, Սանասարյանը պատասխանեց, որ նախաքննական գաղտնիքով կաշկանդված են, չեն կարող շատ բան ասել: Իսկ փաստաբանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր իրենց շահերն են առաջ տարել, դա այլ հարց է, վերաբերում է այդ մարդկանց գործին և չի կարող դա վերագրվել ղեկավարին: Հատկապես որ ղեկավարը որևէ անձնական շահով չի առաջնորդվում:
Մեկ այլ հարցի, թե անձնական խնդիր ունի՞ կամ ունեցե՞լ է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հետ, Սանասարյանն արձագանքեց.
«Իմ և Վանեցյանի հարաբերությունները պետք է գործ չունենան այս քրեական գործի հետ: Եվ ես կոչ եմ անում Վանեցյանին այդ թեմայով չխոսել, որովհետև դա քննչականի խնդիրն է: Ինքը իրավասու չէ այստեղ որևէ բան ասել: Ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ: Իսկ կոչը հստակ է՝ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն, որ հետագայում չդիտվի սա որպես ճնշում քրեական գործի վրա»: