Նորություններ

Քոչարյանը, բացի սահմանադրական կարգը տապալելուց, մեղադրվում է նաև Սիլվա Համբարձումյանից 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի,   2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանի, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի մեղադրական եզրակացությունների համառոտ նկարագիրը:Երկրորդ նախագահ Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը:

Ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։

Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, ասված է մեղադրական եզրակացությունում:

 

Ավելին
Back to top button
Close