ՆորություններՔո ձայնը

Հարցեր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել, որում քննարկում է ԱԱԾ գործառույթները եւ կարգավիճակը ՀՀ-ում.

«Ասեմ, որ այլևս «ԱԱԾ-ի թեման» քննարկման ինքնուրույն առարկա է հանդիսանում և որևէ կապ չունի որևէ այլ անձի, կառույցի կամ որևէ այլ թեմայի կամ խնդրի հետ։

Այն այլևս ինքնուրույն է և կլինի, քանի դեռ չենք ստացել շատ հարցերի պատասխանները, որոնք բացարձակապես որևէ առնչություն չունեն ազգային անվտանգության թեմայի հետ, այլ անմիջականորեն կապված են մարդու իրավունքների խնդիրներին. անձնական կյանքի, նամակագրության, հեռախոսային կապի գաղտնիության, անձնական անձեռնմխելիության, կարծիքի արտահայտման, սեփականության, արդար դատաքննության և այլ իրավունքների խախտումներին կամ դրանց նկատմամբ սպառնալիքներին, և որոնք կապված են ԱԱԾ մարմինների գործունեության հետ։

Ինչ է հայտարարում ԱԱԾ ներկայիս պետը. «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել»:

Շատ ուշադիր ենք ընթերցում նորից։

Նախ արձանագրենք, ԱԱԾ-ի հետհեղափոխական պետը 2018թ. ապրիլ ամսին տեղի ունեցածը որակում է որպես «հայտնի իրադարձություններ»։ Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե փորձում է մնալ քաղաքական չեզոքության դիրքերում, այլ այնպիսի ձևակերպում է տրվում, որի կոնկրետացումը շատ լայն է, և կարող է կոնկրետանալ ըստ քաղաքական իրավիճակի կամ կոնյուկտուրայի։ Ինչևէ, անցնենք առաջ։

ԱԱԾ-ի պետն արձանագրում է, որ «գործ կարելու, գործ սարքելու» դեպքերը եղել են մինչ 2018թ. ապրիլի «հայտնի իրադարձությունները»։

Ուրեմն հարցեր.

Հարց 1. Այդ ի՞նչ կոնկրետ դեպքեր են եղել, որոնք սարքվել են, կարվել են:

Հարց 2. Կոնկրետ ե՞րբ և ո՞ւմ նկատմամբ են այդ գործերը սարքվել, կարվել:

Հարց 3. Կոնկրետ ի՞նչ նպատակ են հետապնդել այդ գործերի սարքելն ու կարելը կոնկրետ անձի կամ անձանց նկատմամբ:

Հարց 4. Կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց նկատմամբ հարուցվել են արդյոք.
֊ քրեական գործեր, թե ոչ,
֊ դրանցից քանիսն է կարճվել, 
֊ քանիսն է կասեցվել,
֊ քանիսն է ուղարկվել դատարան, որոնցից քանիսն է ավարտվել մեղադրական վճռով, արդարացմամբ,
֊քանի գործով են մարդիկ դատարանի որոշմամբ ազատազրկվել և քանի տարի, ըստ առանձին գործերի։

Ի վերջո, կոնկրետ ովքեր են եղել ԱԱԾ-ից, պետական այլ մարմիններից և կառույցներից անմիջական պատասխանատուները, նախաձեռնողները, կազմակերպողները, իրականացնողները՝ այդ կարված, սարքված գործերի։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանանք, հարցեր են, որոնք անմիջականորեն առնչվում են մարդու դեմ ծանր հանցագործությունների հետ, որոնց կատարողները ոչ միայն չեն կարող այլևս լինել ԱԱԾ-ի աշխատակից, այլև պետք է կրեն համարժեք պատասխանատվություն»:

 

 

Back to top button