Նորություններ

Կարող է լինել Դ.Սանասարյանի ստորագրությունը, բայց որ գիտակցված գնացել է կոռուպցիոն ռիսկի, չեմ հավատում

«Դավիթ Սանասարյանը թերևս միակ կերպարն էր իրավապահ-վերահսկող ոլորտում, որը որ նախկինում արատավորված չի եղել այն պարզ պատճառով, որ չի եղել այդ համակարգում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին:

«Ես մեծ վերապահումով եմ մոտենում այս գործին: Ես ընդունում են, որ Դավիթ Սանասարյանը բավարար գիտելիքներ, փորձառություն չի ունեցել, ես ընդունում եմ անգամ, որ որևէ փաստաթղթի տակ լինի Դավիթ Սանասարյանի ստորագրությունը, բայց որ գիտակցված նա գնացել է կոռուպցիոն ռիսկի՝ ես ազնվորեն չեմ հավատում»:

Անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի արած հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունում 2018-ի ապրիլին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու դեպքեր չեն եղել, իրավապաշտպանը շեշտեց, որ այդ հայտարարությունն արդեն իսկ անհանգստացնող է:

«Առնվազն ԱԱԾ ղեկավարը պետք է նորից վերլուծի, վերանայի իր ասածն ու հասկանա, որ այդ հայտարարությունից հետո ԱԱԾ-ն արդեն պետք է մի քանի գործ հարուցած լիներ ու հասկանար, թե այդ որ գործերն են ԱԱԾ-ի կողմից կարված եղել և ում պետք է պատասխանատվության ենթարկել դրա համար»,- հավելեց իրավապաշտպանը:

Ըստ Կարապետյանցի՝ ցանկացած երկրում կարող են լինել կարված շինծու գործեր, բայց ամբողջ խնդիրը նրանում է, թե արդյոք հնարավոր է այդ համակարգն ինչ-որ փուլում վերահսկել, թե ոչ:

«Մեզ մոտ բոլոր ատյանները շատ լուրջ կասկածի տակ են, որովհետև մինչև օրս մենք ունենք գործեր, որոնք որ շատ լուրջ կասկածի տակ են՝ կարված լինելու հետ կապված: Միգուցե և նրանք կարվել են ժամանակին, բայց այսօր է դատախազությունը վերահսկողություն իրականացնում, և ես չունեմ որևէ վստահություն այդ կառույցների հետ կապված»:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ իրական արդարադատության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը՝ քննիչները, դատախազները, կարող են հայտնվել քրեակատարողական հիմնարկում:

«Առհասարակ մեր տարբեր կալիբրի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար մոռանում են, որ իրենք պետական պաշտոնյաներ են, ու գոյություն ունի անմեղության կանխավարկած նաև իրենց իրավասությունների, հայտարարություններ անելու շրջանակ: Ես չեմ զարմանում, որովհետև պարբերաբար վարչապետ Փաշինյանն էլ է հայտարարություններ անում, որոնք, իմ խորին համոզմամբ, ինքը չպետք է աներ… պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ որևէ պարագայում իրենք քրեական գործերի հետ չպիտի առնչվեն և կարծիք չպիտի հայտնեն»:

Back to top button
Close