Նորություններ

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Կամբոջայի արտաքին գերատեսչությունների միջև

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կաբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտի (Ouch Borith) գլխավորած պատվիրակություն:

Ապրիլի 26-ին կայացան առաջին քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրությունն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ցեղասպանությանների կանխարգելմանն ուղղված օրակարգի շուրջ:

Մտքեր փոխանակվեցին ԵԱՏՄ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ վերաբերյալ:

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորող՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ երկու երկրների միջև բարեկամական համագործակցության լավ հեռանկարներ կան ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ տնտեսության մի շարք բնագավառներում: Այս կապակցությամբ հարկ է համատեղ ջանքերով կյանքի կոչել կողմերի միջև ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և առևտրի խթանման բանագավառներում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հանդիպմանն ամփոփվեցին տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ նմանօրինակ քննարկումների անցկացումը հնարավորություն է ընձեռնում քննարկելու երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման և խորացման հեռանկարները և ուղենշելու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ապրիլի 24-ին պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այցի ընթացքում Կաբոջայի պատվիրակությունն հանդիպումներ ունեցավ ՀՀ ազգային ժողովում, տնտեսական զարգացման և ներդրումների և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններում, այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Ավելին
Back to top button