Նորություններ

«Ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են». նախագահ Սարգսյանը` Creative Armenia-ի միջոցառմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը։

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են։«Կարծում եմ՝ մեր կյանքի ամենակարևոր որակներից կամ ապրելու ձևերից մեկը ստեղծագործ կյանքն է։ Ստեղծագործելը և արվեստ ստեղծելը միայն արվեստագետների մենաշնորհը չեն։ Արվեստ ստեղծելը նաև արհեստավորի մենաշնորհն է։ Շատ լավ գիտենք արհեստավորների, ովքեր իրենց արհեստը հասցնում են արվեստի, և սա մարդկության ամբողջ պատմության ընթացքում է: Միայն նկարը, քանդակը կամ երաժշտությունը չէ, որ արվեստի գործեր են։ Պարզ աթոռը կամ կոստյումը կարող է արվեստի գործ լինել: Անգամ պարզ մարդկային վերաբերմունքը կարող է արվեստի գործ լինել։ Եթե նայենք ամբողջ տիեզերքին, այն բացարձակապես գեղեցիկ ստեղծագործություն է։ Ամբողջ տիեզերքը շատ պարզ և հասարակ օրենքների, ընդամենը մի քանի մասնիկների միջոցով ստեղծված հսկայական բազմազանություն է: Աստված նույնպես արվեստագետ էր և ստեղծում էր գեղեցիկը։Եվ դրա արդյունքում ստեղծվել են և տիեզերքը, և մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ 21-րդ դարում Հայաստանն ունի միայն մեկ ճանապարհ՝ ստեղծագործ նոր մտքերի, գաղափարների ճանապարհ։

Հանրապետության նախագահը նաեւ հանդես է եկել առաջարկությամբ. «Ուզում եմ ձեր միջոցով տարեկան մրցանակ սահմանել արվեստի այն ստեղծագործության համար, որն իր ծագումով ոչ թե արվեստից է, այլ՝ արհեստից։ Այսինքն, շինարարի, փայտագործի, մետաղագործի պարզ գործունեության արդյունք է, որը բարձր արվեստի է հասնում։ Եվ դա կլինի Արմեն Սարգսյան և Նունե Սարգսյան մրցանակ, այլ ոչ թե՝ նախագահի մրցանակ»։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշեցնելով ներկաներին Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային միջոցառումների մեկնարկի մասին, առաջարկել է նաև տարեկան մեկ կամ երկու անգամ նստավայրում անցկացնել ստեղծարար Հայաստանի օր։ «Ուզում եմ, որ դուք այդ տան՝ Հանրապետության նախագահի նստավայրի մասին խոսելիս, այն դիտարկեք նաեւ որպես ստեղծարար հայերի տուն»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը։ 

Ավելին
Back to top button