«Մի գիծ, որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը»

Սահմանն ամենախորհրդավոր երևույթներից մեկն է. ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու և որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը: Ահա այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ԱԱԾ սահմանապահ զորքերին: Ապրիլի 26-ը Հայաստանում սահմանապահ զորքերի օրն է:
Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն էլ նշեց՝ մեր հայրենիքի սահմանները սրբազան են, և այս սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է:
Այնուհետև ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներն անցան տոնական շքերթով և հանդես եկան ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանն Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելեց սահմանապահ զորքերի վարչական շենք, ծանոթացավ տեխնիկական հագեցվածությանը, ուսումնական կենտրոնի գործունեությանը: