Միջազգային մամուլի տեսությունՔո ձայնը

Դավիթ Գարեջի համալիրը վրացակա՞ն, թե՞ ալբանական. վրաց-ադրբեջանական վեճը միայն սահմանային չէ

1991թ.-ից Դավիթ Գարեջի համալիրը կռվախնձոր է դարձել Վրաստանի և Ադրբեջանի միջև: Վրաստանի կառավարությունը պարբերաբար խնդրում է ամբողջությամբ իր տիրապետության տակ փոխանցել վանական համալիրի տարածքը, սակայն պաշտոնական Բաքուն մշտապես մերժում է առաջարկը:

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ադրբեջանական ղեկավարության հետ «բարձր մակարդակով» բանակցություններից հետո Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ կապված խնդիրը կարգավորվել է, թույլատրվել է Վրաստանի քաղաքացիների, հոգևորականների և զբոսաշրջիկների մուտքը տարածք:

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ պատրաստ է մոտ ժամանակներս ավարտին հասցնել վրաց-ադրբեջանական սահմանի գծանշումները:

Մինչ այդ ադրբեջանցի սահմանապահներն օրեր շարունակ չէին թողնում, որ վրացի հոգևորականներն ու ուխտագնացները մոտենան համալիրի տարածքում գտնվող Ուդաբնո վանքին՝ տեղադրելով տեղաշարժն արգելող նշաններ: Հանրային դժգոհության աճից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց տարածք, հանդիպեց վրացի սահմանապահների հետ: Նա նաև հայտարարեց, որ այս հատվածում անհրաժեշտ է արագ, առանց հապաղելու գծանշել սահմանը:

Ի դեպ, Վրաստանն Ադրբեջանի հետ ունի 446 կմ երկարությամբ պետական սահման, որի 1/3-րդը դեռևս գծանշված չէ:

VI դարի վրացական քարանձավափոր վանական համալիրը, որի կազմում կա շուրջ 20 վանք և 100 քարանձավ, գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանին՝ կիսելով այն: Սահմանն անցնում է Ուդաբնո լեռան վրայով, իսկ համանուն վանքը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Դավիթ Գարեջի վանական համալիրը մշտապես Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների լարվածության, երկու երկրներում էլ հանրային դժգոհությունների եւ պատմաբանների հեռակա վեճերի պատճառ է դարձել: Վանական համալիրը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է նաև վանդալների հարձակումներին, եզակի որմնանկարները բազմիցս վնասվել են:

Ադրբեջանցի պատմաբաններն այդ համալիրը կոչում են Քեշիքչիդագ և համարում են, որ այն «Ադրբեջանի քարաշեն հիշողությունն» է: Նրանց պնդմամբ՝ համալիրը Կովկասյան Ալբանիայի պատմության մի մասնիկն է:

XI–XVII դարերում վանական համալիրը մշտապես ենթարկվել է օտարերկրյա զորքերի հարձակումներին՝ թուրք-սելջուկների, մոնղոլների և պարսիկների: 1615թ.-ին այն ավերվել է շահ Աբաս I-ի բանակի կողմից: Համալիրը, սակայն, պահպանվել է և վերածվել պատմամշակութային, զբոսաշրջային կենտրոնի:

1991թ.-ից Դավիթ Գարեջի համալիրը կռվախնձոր է դարձել Վրաստանի և Ադրբեջանի միջև: Վրաստանի կառավարությունը պարբերաբար խնդրում է ամբողջությամբ իր տիրապետության տակ փոխանցել վանական համալիրի տարածքը, սակայն պաշտոնական Բաքուն մշտապես մերժում է առաջարկը:

Ավելին, 2007թ.-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով համալիրը «Քեշիքչիդագ» անվանումով պատմամշակութային արգելոցի կարգավիճակ է ստանում:

Արգելոցի տնօրեն Մուսա Մուրսագուլիևի պնդմամբ՝ այս տարածքում մարդիկ սկսել են բնակվել ավելի քան 2000 տարի առաջ, իսկ վրացի ուղղափառ քրիստոնյաներն այնտեղ են եկել սկսած XI-XII դարերից, որմնանկարներն էլ արվել են XIX դարում: 

Մուրսագուլիևը սակայն չի նշում, թե մինչ այդ և դրանից դեռ շատ հարյուրամյակներ հետո որտեղ են եղել իր հայրենակիցները կամ ընդհանրապես եղե՞լ են արդյոք:

Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button