«Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով». ԱԱԾ տնօրեն

2018թ.-ի ապրիլի իրադարձություններից հետո Հայաստանում որևէ գործ կարելու, սարքելու և այլ դեպքեր չեն եղել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին:
«Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել: Գործը կուղարկվի դատարան, և այնտեղ բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, հանրությունը, լրագրողները կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»,-նշեց Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենի պնդմամբ՝ ինքը ենթադրել է, որ նման շահարկումներ լինելու են, դրա համար խնդրել է, որ մամուլի ծառայությունը հանդես գա հայտարարությամբ:
«Ես խնդրում եմ չշահարկել այդ գործը, որը մեծ աղմուկ է բարձրացրել, ես ուզում եմ ասել մեկ բան, ես որպես ԱԱԾ տնօրեն պարտավոր եմ իրականացնել իմ պարտավորությունները, անկախ նրանից, թե ով է մեղադրվող անձը՝ իմ ազգականը, բարեկամը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա»,-նշեց Արթուր Վանեցյանը: