Նորություններ

Հնդկաստանի Ջավահառլալ Ներուի անվ. համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով

Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։

Համաժողովին մասնակցում էին Ներուի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, Դելիի մտավորականության, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։

Համաժողովը բացեց և Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր պարոն Չինթամանի Մահապատրան։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաև՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման Հայաստանի մոտեցումները։

Ելույթներ ունեցան նաև Ներուի անվան համալսարանի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Փուլ Բադանը, պրոֆեսոր Ամիթաբ Սինգհը, ով վերջերս այցելել էր Հայաստան և դասախոսությամբ հանդես եկել Երևանի պետական համալսարանում և Հայաստանի դիվանագիտական ակադեմիայում, գրող-հրապարակախոս Սուման Քեշարին, Հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը, «BBC — Հնդկաստան» լրատվամիջոցի լրագրող Սատիշ Ջակոբը, ճանաչված «Hans» հինդի գրական ամսագրի խմբագիր Սանջայ Սահայը և այլոք։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Back to top button
Close