ՄիջազգայինՆորություններ

«Զտարյուն հայուհի» Սիմոնյանը մտավախություն ունի, որ Ռուսաստանը շուտով մուսուլմանական երկիր կդառնա

Մոտ ապագայում Ռուսաստանը կարող է վերածվել մուսուլմանական երկրի, եթե իշխանությունները չփոխեն իրենց ժողովրդագրական քաղաքականությունը: Նման կարծիք է հայտնել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ մեկնաբանելով Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան անձնագրերի հատկացման մեկնարկը:

Սիմոնյանն աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը, ըստ որի Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին դյուրացված կարգով քաղաքացիություն կտրվի:

«Ռուսաստանը տուն է վերադարձնում ընդհանուր մշակույթ, պատմություն, լեզու եւ ընդհանուր անցյալ ունեցող մարդկանց»,-նշել է Սիմոնյանը: Նրա կարծիքով՝ առողջ մարդուն դա  չպետք է ջղաձգի: «Ես դա ձեզ ասում եմ որպես զտարյուն հայուհի»,-ավելացրել է նա:

RT-ի գլխավոր խմբագիրը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ամենագլխավոր տնտեսական խնդիրներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է: «Երբ աշխատունակ մարդկանց թիվը կտրուկ նվազում է, կրճատվում են նաեւ պետբյուջեի մուտքերը»,-նշել է նա:

«Եթե ոչինչ չփոխվի, ապա 2040թ.-ին Ռուսաստանը կդառնա մուսուլմանական երկիր. դա բժշկագիտական փաստ է՝ բազում հաշվարկներով հաստատված»,-ասել է Սիմոնյանը:

Միեւնույն ժամանակ, նա պնդել է, որ իսլամի դեմ ոչինչ չունի, եւ պարզապես ցանկանում է Ռուսաստանը պահպանել այնպես, ինչպիսին այն կա՝ աշխարհիկ պետություն, որտեղ ծաղկում են բազում դավանանքներն ու էթնոսները, քանի որ գերակշռող ռուսերենը, ուղղափառ էթնոսը թույլ է տալիս պահպանել այդ փխրուն ստատուս քվոն:

Աղբյուր՝ mk.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button