Նորություններ

«1915-ին կատարվածը ծրագրված ցեղասպանություն էր». Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺՀԿ) Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել:

HDP-ի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք կիսում են 104 տարվա ցավը և հարգանքով հիշում զոհվածներին: Նաև շեշտվել է, որ 1915-ին կատարվածը ծրագրված ցեղասպանություն էր:

«1915թ. ապրիլի 24-ին սկսված Մեծ եղեռնից, որը այլ բան չէր, քան ծրագրված ցեղասպանություն էթնիկ և կրոնական հողի վրա, արդեն անցել է 104 տարի: Գործընթացը սկսվեց 200-ից ավել հայ մտավորականներին տներից հանելով և մահվան ուղարկելով, շարունակվեց 100 հազարավոր հայերի աքսորով ու մեծամասնության համակարգված սպանությամբ»,-նշվել է հայտարարությունում:|

Քրդամետ կուսակցությունն ընդգծել է, որ այսօր էլ շարունակվում է այն նպատակադրված քաղաքականությունը, որը միտված է բազմազանությունը ջնջելուն և միատարր հասարակություն ստեղծելուն, «մեկ ազգ, մեկ կրոն և մեկ լեզու» գաղափարը գերակա դարձնելուն, այս տարածքներում տարբեր ժողովուրդների և դավանանքների գոյությունը մոռացության մատնելուն: Դեռևս համընդհանուր կերպով չի ընդունվել, որ որևէ էթնիկ խումբ, լեզու, մշակույթ կամ կրոն մյուսների նկատմամբ չունի առավելություն:

Հայտարարության մեջ կարևորվել է հանուն համատեղ ապագայի, ինչպես նաև միմյանց հասկանալու և վերքերը ազնիվ մոտեցմամբ ամոքելու համար մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը և պատմական իրողությունների հետ առերեսումը, տուժած ժողովուրդներից  ներողություն խնդրելը և արդարադատության միջոցներին դիմելը:

Աղբյուր`    Ermenihaber.am
Ավելին
Back to top button