ՄիջազգայինՆորություններ

Շրի Լանկայում պայթյուններ իրականացրած ահաբեկիչները լավ կրթություն ստացած անձինք են

Շրի Լանկայում պայթյուններ իրականացրած ահաբեկիչները լավ կրթություն ստացած անձինք են, հայտարարել է պաշտպանության կրտսեր նախարար Ռուվան Վիջեւարդենեն:

Նրա խոսքերով՝ եղել է 9 ահաբեկիչ, որոնցից 8-ի ինքնությունը պարզված է: Նրանցից մեկը կին է: Վիջեւարդենեն ավելացրել է, որ փաստացի բոլորը լավ ընտանիքներից են՝ առանց տնտեսական խնդիրների, իսկ ոմանք սովորել են արտասահմանում: Ահաբեկչություն կատարած անձանցից մեկը, մասնավորապես, կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, ապա Ավստրալիայում:

Վիջեւարդենեն հայտնել է նաեւ, որ հարձակումը տեղի է ունեցել հետախուզական տեղեկատվության փոխանակման ժամանակ թույլ տրված լուրջ սխալի հետեւանքով: Իր հերթին, երկրի խորհրդարանի նախագահ Լաքշման Կիրիելլան հայտարարել է, որ կանխամտածված կերպով թաքցվել է հնարավոր հարձակումների մասին տեղեկատվությունը: Նա նշել է, որ տեղեկատվություն ստացվել է դեռեւս ապրիլի 4-ին, սակայն չի հանրայնացվել, եւ այդ առիթով պատգամավորը կոչ է արել հետաքննություն սկսել:

Շրի Լանկայում ԱՄՆ դեսպան Ալայնա Տեպլիցը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքը դեռեւս պահպանվում է, եւ ամերիկյան կողմը վստահ է, որ զինյալները կարող են նոր հարձակումներ իրականացնել:

Ընդհանուր առմամբ, հետաքննության ընթացքում ձերբակալվել է 60 մարդ, եւս մի քանի տասնյակ կասկածյալ հետախուզման մեջ է:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի էր ունեցել ահաբեկչական 8 գործողություն, ինչի հետեւանքով զոհվել էր 359 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը: Զոհերի թվում եղել է 35 օտարերկրացի՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Գերմանիայի քաղաքացիներ:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button