Վլադիմիր Սոլովյովը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը եւ կիսվել գրառմամբ ու տեսանյութով

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը եւ 104-րդ տարելիցի օրը կիսվել գրառմամբ ու տեսանյութով՝ 2015թ.-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած ելույթից մի հատվածով:
Սոլովյովը կիսվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գրառմամբ, որում նշվում է, որ ՌԴ նախագահը Հայոց ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկը»:
Հրապարակման մեջ մասնավորապես նշված է. «100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում մեր երկրում որպես սեփական ցավ ընկալվող ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու շարունակում է օբյեկտիվ և հետևողական մնալ՝ ազգային պատկանալիության հիմքով զանգվածային բնաջնջումը չի կարող արդարացում ունենալ: Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարեկեցություն: Զոհերի հիշատակը հավերժ է»: