Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Տեղի է ունեցել Կորդոբայի և Բուենոս Այրեսի սիմֆոնիկ նվագախմբերի երաժիշտներից ձևավորված «Կոմիտաս» համույթի համերգաշարը

Արգենտինայի Մենդոսա քաղաքում «Դասական երաժշտությունը գինու ճանապարհներին» միջազգային փառատոնի շրջանակներում Մենդոսա նահանգի մշակույթի և զբոսաշրջության հարցերի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ Կորդոբայի և Բուենոս Այրեսի սիմֆոնիկ նվագախմբերի երաժիշտներից ձևավորված՝ «Կոմիտաս» համույթի համերգաշարը, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 150-րդ հոբելյանին:

Ամենամյա այս փառատոնն իրականացվում է UNESCO-ի հետ համագործակցությամբ և Մենդոսայի ամենանշանավոր միջոցառումներից է, որի նպատակն է հանրությանը ներկայացնել տարածաշրջանի գինեգործական արտադրությունը, մշակութային և բնության հարուստ ժառանգությունը:

2019թ.-ի միջազգային այս փառատոնի երաժշտական ծրագիրն ընտրվել է հատուկ հանձնաժողովի կողմից, որն արգենտինական «Կոմիտաս» համույթի համերգաշարը ծրագրում ներառելու որոշումը կայացրել է հայ կոմպոզիտորին հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև «Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ը հանդուրժողականության և ժողովուրդների միջև համերաշխության օր հռչակելու մասին» Արգենտինայի թիվ 26.199 օրենքին համերաշխություն հայտնելու նպատակով:

Համերգաշարի ընթացքում լարային քառյակի և դասական երգիչների կատարմամբ ներկայացվել են Կոմիտասի ձայնագրած հայկական ժողովրդական երգերը՝ Սերգեյ Ասլամազյանի և արգենտինահայ կոմպոզիտոր և դիրիժոր Ալիսիա Թերզիայի խմբագրությամբ, ով մեծ դերակատարում է ունեցել արգենտինական «Կոմիտաս» համույթի ձևավորման և համերգի իրականացման գործում:

Ավելին
Back to top button