ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Առաջիկայում կհրավիրեմ, կխոսենք». Դավիթ Սանասարյանը չի մեկնաբանել գլխավոր դատախազի խոսքերը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, չի մեկնաբանել գլխավոր դատախազի խոսքերը, թե հնարավոր չէ Հայաստանում ինչ-որ մեկի վրա «գործ կարվի»:

«Այսօր ես չեմ խոսելու այդ գործից, մնալու եմ օրվա խորհրդին համապատասխան իմ կեցվածքով: Իսկ մնացածի մասին առաջիկայում կհրավիրեմ եւ կխոսենք»,-նշեց Սանասարյանը, ով այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Դիտարկմանը, թե ինչու չէր եկել կառավարության ներկայացուցիչների հետ, Սանասարյանն արձագանքեց, որ այս պահին իր լիազորությունները կասեցված են, բայց կապ չունի, թե ով ում հետ է գալիս Ծիծեռնակաբերդ, մենք բոլորս միասին ենք:

Դավիթ Սանասարյանն ասաց՝ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի և պայքարել հանուն ազատ, անկախ, արդար Հայաստանի: «Ես նախորդ ռեժիմի դեմ կռիվ եմ տվել, և երբևիցե նույնիսկ իրենց չի հաջողվել իմ մեղավորությունն ապացուցել»,- ասաց Սանասարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝   պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սանասարյանը եւ նրա պաշտպանը պնդում են, որ գործը «կարված է» և շինծու։

Անդրադառնալով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ «գործ կարելու» վերաբերյալ հարցին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին  հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում «գործ կարելը» բացառված է: «Ընդհանրապես մոռացեք այդ արտահայտությունը, չկա այդպիսի բան»,- ավելացրեց Դավթյանը:

 

Ավելին
Back to top button