Նորություններ

Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին

1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների շարքում էին նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արդեն ծանոթ լինելով եվրոպական կրթական ավանդույթներին ու սկզբունքներին` Արեւմտյան Հայաստանում մեծ վերելք է ապրել մարզական կյանքը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից մինչև Վան, Տրապիզոնից մինչև Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ էին ի հայտ եկել:  

Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը Ստոկհոլմի 1912 թ. հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան: Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում: 

1911-1914 թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական մարզական ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով: 

Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված եղեռնի պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները ևս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

armenpress.am

Ավելին
Back to top button