Նորություններ

Նոր ուժգին հրդեհ Ֆրանսիայում. այն բռնկվել է Վերսալի պալատական համալիրի մոտակայքում

Ուժգին հրդեհ է բռնկվել ֆրանսիական Վերսալ քաղաքի համանուն պալատական համալիրի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հրդեհ Վերսալի Պարկ դը Կլանյի փողոցում: Խնդրում ենք շրջանցեք այդ տարածքը՝ մինչ արտակարգ ծառայությունների աշխատանքի ավարտը»,-նշվում է տեղի ոստիկանության սոցցանցի էջում:

Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների վաճառասրահում: Տարածքում երթեւեկությունը սահմանափակված է: Զոհեր եւ վիրավորներ չկան:

 

Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ 1682–1789 թ.թ., Վերսալն արքաների պաշտոնական նստավայրն էր։ 1801-ին, ստանալով թանգարանի կարգավիճակ, բացվել է հանրության համար։ 1830-ին թանգարան է հռչակվում Վերսալի պալատական ամբողջ համալիրը։ 1979 թ.-ին Վերսալի պալատը և այգին ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Վերսալի հետ են կապված ֆրանսիական և համաշխարհային պատմության մի շարք նշանակալի իրադարձություններ։ 18–րդ դարում արքայական նստավայրը դառնում է միջազգային մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրման վայր, այդ թվում՝ մի փաստաթղթի, որով ավարտվում է ԱՄՆ անկախության պատերազմը (1783թ.)։ 1871 թ.-ին՝ ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո, գերմանական զորքերով պաշարված Վերսալում հռչակվում է Գերմանական կայսրության ստեղծումը։ 

1919 թ.-ին այստեղ կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը՝ սկիզբ դնելով միջազգային հարաբերությունների վերսալյան համակարգին։

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button