Նորություններ

Ֆրանսահայ աշակերտները շրջել են կառավարության շենքում

Ապրիլի 23-ին սփյուռքի նախարարի պարտականությունները Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի «Համազգային» (ք. Մարսել), «Դպրոցասեր տիկնանց» (Ռենսի/Փարիզ) և «Սուրբ Մեսրոպ-Արապեան» (ք. Ալֆորվիլ) հայկական ամենօրյա վարժարանների աշակերտները և ուսուցիչները շրջայց կատարեցին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում: Այս այցը շատ խորհրդանշական էր աշակերտների համար, նրանք ոգևորվածությամբ շրջեցին Կառավարական տան դահլիճներում, հանդիպումների սրահներում եղան, ծանոթացան գործադիրի աշխատանքին, կառավարության նիստերի դահլիճում հարցեր ուղղեցին նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանին:

Դպրոցի սաներին հատկապես հետաքրքրում էին հեղափոխության բերած փոփոխությունները, այս մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողությունները: Նրանցից մեկն անկեղծորեն հարցրեց. «Արդյո՞ք այսօր մարդիկ նույնքան ուրախ են, որքան մեկ տարի առաջ հեղափոխության օրերին էին»: Բաբկեն Տեր Գրիգորյանը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումը համարեց ժողովրդավարության հաստատումն ու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ դրսևորվող զրո անհանդուրժողականությունը: Աշակերտներին հետաքրքրվեցին նաև՝ հեղափոխությունը նպաստե՞լ է Հայաստանի և մյուս երկրների հարաբերությունների լավացմանը: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատումը խոսուն ազդակ է միջազգային հանրության համար, և մեր երկիրն այլևս վստահելի գործընկեր է մարդու իրավունքների, օրենքի գերակայության տեսանկյունից:

Սփյուռքահայ պատանիներն անդրադարձան նաև սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հետագա ընթացքին: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վարչապետի

աշխատակազմում գործելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այսպիսով՝ Հայաստան-սփյուռք կապերը դրվում են ավելի բարձր մակարդակում, քանի որ նախարարության ձևաչափում չէին արդարացվում այն ակնկալիքները, որոնք առկա էին: Գրասենյակը ունենալու է համակարգման լայն գործառույթ, հանձնակատարի պաշտոնը լինելու է եզակի պաշտոն՝ սրանով մեկ անգամ ևս արձանագրելով սփյուռքի հետ աշխատանքի կարևորությունը: «Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Հայրենադարձությունը լինելու է մեր քաղաքականության հիմքում: Հայաստանը պիտի բոլոր հայերի հայրենիքը լինի: Ինքս էլ հայրենադարձ եմ, ծնվել եմ Փարիզում, մեծացել Լոս Անջելեսում, 7 տարի առաջ էլ որոշեցի հայրենադարձվել, սակայն ամեն ինչ սկսվել է ահա այսպիսի մի այցից դեռևս 20 տարի առաջ: Վստահ եմ՝ ձեզ մեջ կան մարդիկ, որոնք տարիներ անց կլինեն Հայաստանի կառավարության կազմում»,-ընգծեց Բաբկեն Տեր Գրիգորյանը՝ շեշտելով նաև սփյուռքի ներուժի կարևորությունը ոչ միայն ֆինանսական, այլև առավելապես մարդկային, մասնագիտական, ցանցային առումներով:

Հարցեր հնչեցին նաև արևմտահայերենի պահպանման և տարածման վերաբերյալ:

Ավելին
Back to top button