ՆորություններՏնտեսականՕՐԱԿԱՐԳՈՒՄ

50 հազարը դեռևս ապացուցելու կարիք կա. տնտեսագետը՝ վարչապետի հայտարարության մասին

Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով ներդրումային դաշտում առկա հետաքրքրություններին, նշեց, որ ներդրումների առումով կան որոշակի հետաքրքրություններ, բայց պետական համապատասխան մարմինները դեռևս չեն տիրապետում, թե ներդրումների հիմնական խոչընդոտները որոնք են:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ ներդրումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանում չկա արժեթղթերի շուկա, և ամբողջ ֆինանսական շուկան գտնվում է բանկերի ձեռքում։

Նրա խոսքերով՝ եթե իշխանությունները գնում են ստվերի կրճատման ուղղությամբ, պետք է գործարար միջավայրում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել, որովհետև ստվերի գերակշռող մասն օգտագործում են իրենց գոյությունը պահպանելու համար:

Նրա կարծիքով խնդիր է նաև այն, որ համայնքները բավարար ակտիվություն չեն ցուցաբերում տնտեսության ոլորտում.

«Կարևոր է նաև համայնքների ակտիվությունը, ինչն առայժմ չկա։ Մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը սեփական օրակարգ չունի»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ կրթական համակարգում մենք էական առաջընթաց չունենք, իսկ տնտեսական հեղափոխությունն անհնար է առանց դրա։

«Նոր որակյալ կադրերը պետք է դառնան ցանկացած տնտեսական բարեփոխման լոկոմոտիվը»,- նշեց նա:

Գագիկ Մակարյանի կարծիքով Հայաստանը պետք է օգտագործի նաև դիվանագիտական նոր հնարավորությունները տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, տնտեսագետը նշեց, որ չի ուզում կասկածի տակ դնել վարչապետի խոսքերը, բայց կարծում է, որ 50 հազարը դեռևս ապացուցելու կարիք կա:

Back to top button