Նորություններ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը «Ինժեներական քաղաք»

Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Ինժեներական քաղաք»:

«Ինժեներական քաղաք»-ն ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսված են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:  

Զոհրաբ Մնացականյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ  «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներինն ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:  

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ՏՏ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռել առավել մեծ ուշադրություն կենտրոնացնելու հայրենական արտադրության վրա: Կարևորվեց ոլորտի դերը ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման և մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է, իսկ ինչ վերաբերում է ՏՏ ոլորոտին, ապա այստեղ Հայաստանը դեռ շատ ասելիք ունի:   

Երկուստեք կարևորվեց միջազգային հարթակներում հայակական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունների դիտարկման և նոր շուկաների բացահայտման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

Նախարարն այցելեց նաև Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաև գրառում կատարեց  պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավելին
Back to top button