Նորություններ

Սա հեղափոխական իշխանություն է, հետևաբար մենք հեղափոխական տեմպեր ենք ուզում. Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանն այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով հեղափոխության մեկ տարվա ընթացքում ձեռքբերումներին և բացթողումներին, նշեց. «Երկու միտում ենք նկատում՝ համեմատություն է կատարվում նախորդ իշխանությունների հետ, մյուս չափորոշիչն այն է՝ ինչ էր խոստանում այս իշխանությունը, և ինչ ունենք մի տարի հետո»:

Քաղաքագետի դիտարկմամբ պետք է անպայման փոխել երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Նրա խոսքերով՝ պառլամենտական համակարգը մեր երկրում կայացած չէ, որովհետև կուսակցությունները կայացած չեն, անձնակենտրոն են:

«Մենք ունենք անձի փոփոխություն, որն անհամեմատ ավելի դրական անձ է, բայց ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է լինի ինստիտուցիոնալ, պիտի լինեն ընտրական օրենսգրքի բարեփոխումներ»,- նշեց Պապյանը:

Նրա խոսքերով՝ պետք է անցումային արդարադատությունը հաստատվի:

Քաղաքագետն արձանագրեց հետևյալը. «Կան դրական փոփոխություններ, հոգեբանական և որոշ նախադրյալների ստեղծման ոլորտում են, բայց եթե համեմատում ենք խոստումների հետ, ապա դրանք շատ դանդաղ են:

Ես տեսնում եմ առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացում:

Չի կարող իշխանությունը հեղափոխական ճանապարհով գալ իշխանության և գործել ոչ հեղափոխական տեմպերով»:

Անդրադառնալով Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ քաղաքագետը նշեց, որ այս հարցը ստվերում է մնացել, իսկ մենք տարբեր տեղերից տարբեր վատ լուրեր ենք ստանում այս հարցի վերաբերյալ:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Արա Պապյանը նշեց, որ նրան առաջադրված մեղադրանքի տրամաբանությամբ կարելի է մեղադրանք առաջադրել նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին:

«Ցանկացած իշխանություն երբեք միատարր չի լինում, ես ենթադրում եմ, որ քանի որ բավականին լծակներ ունեցող պաշտոն է, հնարավոր է, որ տեղի է ունեցել որոշակի շահերի բախում, և այս հարցը առաջադրվել է»:

Ավելին
Back to top button