Նորություններ

«Խնդրում եմ՝ դավադրությունների մեջ ինձ չկասկածել․ոչ մի կուլիսային պայմանավորվածություն չունեմ»․ Նիկոլ Փաշինյան

«Ես ոչ մի կուլիսային պայմանավորվածություն չունեմ այս կամ այն պաշտոնյայի հետ: Եթե նման բան լինի, ապա ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլև իմ ապրած կյանքը: Դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ: Ես այդպիսի գործարքների չեմ գնա: Խնդրում եմ՝ դավադրությունների մեջ ինձ չկասկածել: Ես կարող եմ սխալվել, բայց ներքաշվել հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ՝ դա բացառված է»,-ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Փաշինյան, եթե Սերժ Սարգսյանը որևէ հանցանք չի կատարել, որի համար գոնե մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել և անմեղ է, մեկ տարի առաջ ինչու՞ էինք մերժում Սերժին:  Գագիկ Խաչատրյանին բազում չարաշահումներում էիք մեղադրում, երբ դեռ պատգամավոր էիք, նա՞ էլ է անմեղ»,- հարցրել էին Փաշինյանին։ 

Վարչապետն ասաց, որ միջոցներ են ձեռնարկում և ձեռնարկելու՝ ժողովրդից թալանվածը հետ բերելու ուղղությամբ: Չնայած ընդգծեց՝ 100 տոկոսով գոհ չէ այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ծավալներից ու արդյունքներից․

«Սակայն դրա համար կան մի շարք պատճառներ: Դրանից մեկը նշեմ: Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ տեսանյութը հրապարակելուց հետո, բազմաթիվ անձինք իրենց ունեցածը շատ արագ թաքցրեցին, այդ թվում՝ Հայաստանից դուրս: Հիմա դա գտնելը դժվար է դարձել, սակայն մենք ունենք քաղաքական կամք գործը մինչև վերջ տանելու»։

Ավելին
Back to top button