Նորություններ

ՃՈ-ի կողմից տեւական ժամանակ ամբողջ հանրապետության տարածքում զանգվածաբար խախտվել են մարդու իրավունքները. ահազանգ

Փաստաբան Արթուր Ղամբարյանի վստահորդ, ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայորի՝ հանցագործության մասին հաղորդումը Հատուկ քննչական ծառայությունը ուղարկել է ՀՀ ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։ Վերջինիս խոսքով՝ հաղորդումն ուղարկվել է քննարկման, ինչն անընդունելի է համարում դիմումատուն։

Հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ-ի կողմից ՀՀ ոստիկանություն ուղարկելը չի բխում ՀՀ քր. դատ. օր-ի 175-րդ, 176-րդ, 181-րդ հոդվածների պահանջներից:

«Անթույլատրելի է հանցագործության մասին հաղորդումն ուղարկել այն մարմնին, ում պաշտոնատար անձի գործողությունները վիճարկվում են. «Ն. Թադևոսյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման առիթով ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող այսպես կոչված «քննությունը» չի կարող համարվել անաչառ»,- «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Արթուր Ղամբարյանը՝ նշելով, որ ՀՔԾ-ի գործողությունների դեմ բողոք է ներկայացվել դատախազին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ն. Թադևոսյանը հանցագործության մասին հաղորդումը էր ներկայացրել ՀՔԾ պահանջելով քրեական գործ հարուցել ՃՈ պետ Ե.Կարապետյանի նկատմամբ։

Հաղորդման մեջ դիմումատուն արձանագրել է, որ  «ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետը 05.12.2016թ. թիվ 301-Ա հրամանն ընդունելու եղանակով փաստացի վերացրել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված՝ «պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով» նորմը՝ որն արտահայտվել է 05.12.2016թ-ից մինչև 04.03.2018թ-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանների համազգեստի վրա տեսաձայնագրման շարժական սարքեր կրելու ոլորտում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի գործողության դադարեցմամբ»:

«Առաջին հայացքից նույնիսկ աբսուրդային կարող է թվալ, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի կողմից շարժական տեսախցիկներ կրելու և վարորդներին նկարահանելու ոլորտում առերևույթ հակասահմանադրական հրաման ընդունելը կարող է առնչություն ունենալ ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների հետ: Թեև ինտուիտիվ իրավունքի հարթությունում Ես նույնպես գիտակցում եմ, որ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի բնույթն լիովին այլ բան է, սակայն մի բան է ինտուիտիվ իրավունքը, մեկ այլ բան է ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Ավելին՝ ՀՔԾ ի սկզբանե չի էլ ցանկացել պարզել, թե քննարկվող արարքում առկա է արդյոք ՀՀ քր. օր-ի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ»,- դատախազին ուղղված բողոքում նշել է փաստաբան Ղամբարյանը՝ նշելով, որ արարքի քրեաիրավական որակման հարցերը կարելի է պարզել բացառապես դատավարական կարգով համապատասխան փաստական տվյալներ հավաքելով, և դրա հիման վրա արարքին իրավական գնահատական տալով: Մինչդեռ ՀՔԾ-ն խուսափել է կատարել ՔԴՕ պահանջը։

Ավելին՝ թիվ 301-Ա հրամանի հանրային վտանգավորությունը գիտակցելու համար, Ա.Ղամբարյանի գնահատմամբ, պետք է դիտարկել դրա հետևանքների մասշտաբները:

Նշված հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներին պարտավորեցվել է համազգեստի վրա տեղադրել և օգտագործելու շարժական տեսաձայնագրման սարքեր՝ այդպիսով սահմանափակելով մարդու սահմանադրական իրավունքները՝ մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության եւ  անձնական տվյալների պաշտպանության իրավունքները, որոնք կարող են սահմանափակվել միայն օրենքով: Ընդ որում՝  մարդու սահմանադրական  իրավունքների խախտումները ունեցել են տարածքային և ժամանակային լայն մասշտաբներ:

Այս հրամանի գործողությունն ընդգրկել է ՀՀ ողջ տարածքը եւ գործել շուրջ երկու տարի։

«Միայն քննությամբ է հնարավոր պարզել, թե ՀՀ ողջ տարածքում թիվ 301-Ա հրամանի հետևանքով մարդկանց իրավունքների ենթադրյալ խախտումները ինչ ծավալի են եղել»,-նշում է Արթուր Ղամբարյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button