ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Արդյոք չէ՞ր կարելի 124 միլիոնն ավելի թիրախային ծախսել. խորհրդարանականների մեկնաբանությունները

Ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի ապրիլի 27-ին քաղաքացիները նշելու են իրենց օրը: Ապրիլի 18-ի նիստում կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից 124 մլն դրամ հատկացնել քաղաքացու օրվա տոնական միջոցառումներն իրականացնելու համար:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ միշտ մատնանշել են այն փաստը, որ նախորդ իշխանությունները մեծ գումարներ են դուրս գրել տոնակատարությունների համար, այս դեպքում ևս, ըստ նրա, կարելի էր գումարն առավել թիրախային ծախսել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է այդ օրը դուրս գալ փողոց և քաղաքացիներին հարցում անել՝ արդյոք այդ օրն ունեն հատուկ տոնական տրամադրություն և արդյոք ավելի քաղաքացի են զգում իրենց, քան տարվա մյուս բոլոր օրերին:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանը չի շտապում գնահատական տալ գործադիրի որոշմանը, ասում է՝ կարող է գնահատել տոնը նշելուց հետո, երբ հասկանա՝ որքանով էր նպատակահարմար և օբյեկտիվորեն ծախսված գումարը:

Արդյոք 124 մլն դրամը մեծ թիվ է այս նպատակն իրագործելու համար՝ հետաքրքրվեցինք խորհրդարանականներից:

Եթե գումարը դուրս է գրվում քաղաքացու օրվա համար, ապա այն պետք է միտված լինի քաղաքացու կյանքը բարելավելուն, համոզված է Անի Սամսոնյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ չի պատրաստվում որևէ կերպ կարևորել այդ օրը, վերահաստատում է իրենց դիրքորոշումը՝ 365 օրերն էլ քաղաքացունն են:

Նշենք, որ մինչ այս պահը չի հայտարարվել՝ ինչպես է բաշխվելու գումարը, ինչ ծախսեր են արվելու և ինչ միջոցառումներ են նախատեսվում:

Ավելին
Back to top button
Close