Նորություններ

«Մենք գնում ենք դեպի մի իրավիճակի, որտեղ կապ չունի՝ մարդ ինչ պաշտոն է զբաղեցնում. օրենքի առջև բոլորը հավասար են». Նիկոլայ Բաղդասարյան

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ հայտնեց, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած ցանկանում է ձեռնպահ մնալ՝ մեկնաբանելու արարքի հիմնավորվածությունը, սակայն պարզելու համար, թե Սանասարյանի արարքում կա հանցակազմ, թե ոչ, անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր ապացույցները, թե ինչի հիման վրա են այդ մեղադրանքն առաջադրել:

«Պետք է ներկայացվեն նախաքննական մարմնի կողմից այն գործողությունները, որոնք նա կատարել է՝ չարաշահելով իր գործողությունները, այսինքն այստեղ խոսքը չի գնում վկա ցուցմունքին, որպես կանոն, այլ խոսքը վերաբերում է կոնկրետ գործողություններին, որոնք կազմում են այդ հանցակազմի օբյեկտիվ կողմը»:

Պատգամավորը հիշեցնում է՝ պետք է հաշվի առնել, որ գործում է անմեղության կանխավարկածը, և եթե պարզվի, որ որևէ անձ մեղավոր չէ մեղսագրվող արարքների մեջ, վարկանիշը կբարձրանա այնքանով, որքանով որ օբյեկտիվ արդարադատությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել:

«Մենք գնում ենք դեպի մի իրավիճակի, որտեղ կապ չունի՝ մարդ ինչ պաշտոն է զբաղեցնում. օրենքի առջև բոլորը հավասար են: Նիկոլայ Բաղդասարյանը և լրագրողը հավասար են, և սա այն մեսիջն է, որն ուղարկեցին մեր հասարակությանը: Բայց սա չի նշանակում, որ հանկարծակի ինչ-որ մեկը պետք է դառնա այդ մեսիջի քավության նոխազը»:

 

Ավելին
Back to top button