Նորություններ

«Պայքարը գնում է Սանասարյան Դավիթին պաշտոնից հեռացնելու համար». Անդրիաս Ղուկասյան

«Պայքար է գնում Դավիթ Սանասարյանին պաշտոնից հեռացնելու համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ մեկնաբանելով ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստը:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ ապացույցներ կան, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սա, սակայն, Անդրիաս Ղուկասյանին հիմք է տալիս ենթադրելու, որ ԱԱԾ-ն պարզապես փորձում է հետ վերադարձնել ՊՎԾ-ի պաշտոնը:

«Ավանդաբար Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակվում էր ԱԱԾ-ական կադր: Ըստ էության, Դավիթ Սանասարյանը խախտեց ավանդույթը, հիմա ԱԱԾ-ն փորձում է ուղղել իրավիճակը: Միևնույն ժամանակ հարմար պահ է ձեռնոց նետելու ԱՄՆ-ին»:

Ըստ ԳԱԼԱ-ի զրուցակցի՝ ԱՄՆ կողմից նախընտրելի էր, որ ՊՎԾ պոշտոնը զբաղեցներ անձ, ով կապ չուներ ԱԱԾ-ի հետ և քաղաքացիական հասարակությունից էր՝ այդպիսով փորձելով սահմանել քաղաքացիական վերահսկողություն:

Հարցին, թե արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանի գիտությամբ է տեղի ունենում, Ղուկասյանը դրական պատասխանեց. «Այո, բնականաբար»: Ապա շարունակեց. «Կարևոր է, որ այդ պաշտոնը զբաղեցնի Դավիթ Սանասարյանը քաղաքացիական հասարակությունից: Երկրի ներքին կոռուպցիոն համակարգն իր հին և նոր սաստավով շահագրգռված է, որ այդ պաշտոնը վերականգնվի համակարգային հսկողության, չլինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը նման պաշտոնի»:

Հարցին, թե ԱԱԾ-ն առհասարակ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի՞ կողմից, Ղուկասյանն ասաց.

«Դժվարանում եմ գնահատական տալ, թե որքանով է ԱԱԾ-ն ղեկավարվում Փաշինյանի կողմից: Մի շարք գերատեսչություններ՝ ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մարմիններ են, որոնք տարիներ շարունակ ղեկավարվել են ՌԴ համապատասխան ոլորտային մարմինների կողմից: Որքանով է Ն. Փաշինյանը տիրապետում այդտեղ իրավիճակին՝ դժվարանում եմ գնահատական տալ: Հայաստանի ակնհայտ ռուսամետ քաղաքականությունը վկայում է, որ այդ ամենը մնում է ՌԴ վերահսկողության տակ»:

Ըստ Ղուկասյանի՝ Դավիթ Սանասարյանի հրաժարականն ակնկալվում էր դեռ այն ժամանակ, երբ ՊՎԾ-ից երկու հոգու մեղադրանք առաջադրվեց: Դա մեսիջ էր, որ Սանասարյանը հրաժարական ներկայացնի.

«Երբ մի մարմնի ներսում այդ կարգի թերություն է նկատվում և կասկածի տակ է դրվում կոռուպցիայի հետ ինչ-որ կապեր ունենալու մեջ, պետք է հրաժարական տա ղեկավարը: Երբ իր ծառայության աշխատակիցների դեմ մեղադրանք առաջադրվեց, Սանասարյանը հրաժարական չտվեց, նա հակասության մեջ մտավ և ասաց, որ շինծու է այդ գործը, և լրջագույն կոնֆլիկտ ձևավորվեց: Հիմա այդ կոնֆլիկտի մեջ կամ պետք է ապացուցվի Սանասարյանի մեղսավորությունը, կամ պետք է դա ունենա ծանր հետևանքներ այն մարմինների վրա, որոնք այդ շինծու գործը սարքել են:

Մեր երկրում պաշտոնապես չի դատապարտվել շինծու գործերի պրակտիկան, ինչպես, օրինակ, իմ նկատմամբ տեղի ունեցած քրեական հետապնդումը: Դատախազությունը մեկ տարի անց իր հայցը հետ չի վերցրել, շինծու ապացույցները որ եղել են գործի հիմքում, շարունակվում են դատախազության կողմից դիտարկվել որպես հավաստի փաստեր»:

Իրավական երկրներում, ըստ Անդրիաս Ղուկասյանի, չեն տարակուսում, թե որ կառույցին վստահեն, կամ վստահեն, թե չվստահեն ԱԱԾ-ին: Իրավապահ մարմիններին վստահում են անվերապահորեն: Իսկ Հայաստանում եթե նման հարց է առաջանում՝ վստահե՞լ ԱԱԾ-ին, թե՞ ոչ, ուրեմն խնդիր է:

«Մենք ունեցել ենք ոչ թե իրավապահ, այլ իշխանությանը պաշտպանող համակարգ, և այդ համակարգը շարունակում է գործել: Հեղափոխությունից մեկ տարի անց քաղաքական գնահատական նախորդ ռեժիմին չի եղել, այդ մարմինները չեն զղջացել նրա համար, որ տարիներ շարունակ ծառայել են ռեժիմին և ապօրինություններ են գործել: Չկա նման մթնոլորտում վստահություն այդ մարմինների նկատմամբ: Սխալ է նաև այսօր այդ կառույցներին իրավապահ համարել, դրանք իշխանությունը պաշտպանող կառույցներ են միայն:

Իրենց հռետորաբանությունը դիտելով… դրանք գործիք են ցանկացած տնտեսական, քաղաքական հարցերի վրա ազդելու, ասֆալտին փռելու, չեկեր պահանջելու, նստեցնելու, թեև դա իրենց գործառույթը չէ»:

Ավելին
Back to top button