Մեկնաբանություն

Վարչապետի աթոռը երերո՞ւմ է

Որոշ տեղեկատվական միջոցներում կրկին լուրեր են պտտվում Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ` այդ հարցը Բաղրամյան 26-ում մտադիր են լուծել մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները: Վարչապետի հավանական թեկնածուների ցանկում շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի, Արմեն Գեւորգյանի, Երվանդ Զախարյանի, զույգ Կարեն Կարապետյանների եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունները:

Թեեւ վարկածը նոր չէ, բայց ուշագրավ է այնքանով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակը մոտենալուն զուգընթաց` այդ թեման վերաթարմացվում է: Ամենահետաքրքրականը, սակայն, հիշյալ տեղեկատվության մեջ առաջին հայացքից աննշան թվացող մի նրբերանգ է, որը նախորդ «հավաստի լուրերում» բացակայում էր: Հավանական վարչապետացուների անունները թվարկելուց հետո հավելվում է եւս մի կարծիք, թե վարչապետի նշանակումը չի կատարվելու շրջանառվող թեկնածուների շրջանակից, այլ լինելու է երբեւէ չշրջանառված անուն: Այսինքն` Տիգրան Սարգսյանի հավանական փոխանորդի անունը շղարշվում է խորհրդավորության քողով: Ի՞նչ կարող է նշանակել սա եւ, առհասարակ, հերթական այս «արտահոսքը»:

Նախեւառաջ ակնհայտ է, որ անկախ վարչապետի պաշտոնանկության վարկածի ճիշտ կամ սխալ լինելուց, որոշակի շրջանակներում առկա է տվյալ թեման «տաք» պահելու շահագրգռվածություն: Ո՞վ կարող է քաղաքական դիվիդենտներ ակնկալել վարչապետափոխության թեման ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դնելուց: Ներքաղաքական վերջին շրջանի զարգացումների, մասնավորապես` ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ եղած տարաձայնությունների ու դրանց շուրջ վերլուծաբանների գերիշխող տեսակետների համադրումը ցույց է տալիս, որ դրանով ամենաշահագրգիռ կողմը կարող է լինել ոչ այլ ոք, քան Հանրապետական կուսակցությունը:

Որքան էլ կարծիքները տարամետ լինեն` այս կուսակցության համար խիստ կարեւոր է նախագահական ընտրություններում «Բարգավաճի» սատարումը: Վերջինս դա շատ լավ հասկանում է, հետեւաբար ակնկալում է հնարավոր իր աջակցության դիմաց ստանալ առավելագույնը` կառավարությունում իր ներկայության եւ ազդեցության ընդլայնման տեսքով: Իր հերթին ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած գին վճարել` նույնիսկ ստեղծել փոխվարչապետի առանձին պաշտոն եւ այն զիջել ԲՀԿ-ին, որպեսզի «աչքը» կտրի դրսերից կամ չտարվի սեփական խաղով, այլ վերադառնա կոալիցիա: Էլ չասած ամենաահավորի մասին` ուժերի որոշակի դասավորության պարագայում հանկարծ «չնայի» Ռոբերտ Քոչարյանի կողմը, ում գործոնն առայժմ ՀՀԿ-ում չեն համարում վտանգազերծված:

Այսպիսով, ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանը ուզածին հասնելու համար հզոր հաղթաթուղթ ունի` ի դեմս Քոչարյանի «ուրվականի», որից վարչախումբը, մեղմ ասած, իրեն կաշկանդված է զգում: Բանն այն է, որ վերարտադրվելու ճանապարհի իր ամենամեծ խոչընդոտը իշխող քաղաքական ուժը հենց Քոչարյանի մեջ է տեսնում: Ահա եւ հասկանալի է դառնում Ծառուկյանին մշտապես «փայփայելու» եւ այդ համատեքստում վարչապետի պաշտոնանկության թեզը կենսունակ պահելու` ՀՀԿ-ի մոտիվացիան: Դա լիովին տեղավորվում է ԲՀԿ առաջնորդին իր ուղեծրում պահելու տրամաբանության մեջ, քանի որ վարչապետի պաշտոնանկությունը «Բարգավաճի» պահանջն է, որի չիրականացումը, բնականաբար, մեծ հարված կլինի Ծառուկյանի հեղինակությանն ու խոսքի արժեքին: Իսկ լրատվական խայծն այդ առումով հին, փորձված եւ բավական ազդու ձեւ է:

Հետեւաբար, պետք չէ զարմանալ, որ վարչախմբի վերարտադրվելու գերնպատակի հաջորդ զոհը` Վարդան Օսկանյանից հետո, լինի Տիգրան Սարգսյանը, եթե, իհարկե, ներիշխանական «առեւտրի շրջանակներում» ԲՀԿ-ն չհամաձայնվի փոխվարչապետի ու նաեւ նախարարական այլ պորտֆելների դիմաց սատարել Սերժ Սարգսյանին: Դատելով ԱԺ-ում վարչապետի երեկվա տրամադրությունից` համաձայնության նշաններ, կարծես թե, երեւում են: Կապրենք` կտեսնենք:

 

Գեւորգ Լալայան

Back to top button
Close