Մեկնաբանություն

«Բարգավաճին» ՀԱԿ-ի ձեռքից տանում են

Լայն լիազորություններով փոխվարչապետի գայթակղիչ պաշտոնը, կարծես թե, սկսել է պրագմատիկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ավելի դուր գալ, քան ՀԱԿ-ի առաջարկած բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը` իր բոլոր տեսական բարեմասնություններով միասին: «Բարգավաճում», ըստ երեւույթին, առաջնորդվում են ռուսական «Ավելի լավ է երաշտահավը ձեռքիս մեջ, քան կարապը երկնքում» ասացվածքով:

Նախօրեին ԱԺ-ում` պատասխանելով նախագահական ընտրություններին ընդառաջ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հնարավոր փոխգործակցության վերաբերյալ լրագրողների հարցին, ՀՀ վարչապետը չի բացառել նրանց միջեւ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը: Տիգրան Սարգսյանն անուղղակիորեն հաստատել է նաեւ լուրերը, համաձայն որոնց` նախատեսվում է սահմանադրական փոփոխության ճանապարհով հատուկ Գագիկ Ծառուկյանի «հագով» ստեղծել փոխվարչապետի պաշտոն` առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց:

Չնայած պաշտոնական հերքումներին, որոնց միայն անուղղելի միամիտները կարող են հավատալ, կան հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություններ առ այն, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի է ունեցել Ս.Սարգսյան-Գ.Ծառուկյան հանդիպումը, որտեղ ներիշխանական «առեւտրի շրջանակներում» խոսակցություն է ծավալվել ԲՀԿ-ի հասանելիքի մասին: Ըստ որոշ տվյալների, բացի փոխվարչապետի պաշտոնից, «Բարգավաճին» խոստացվել են նաեւ 3-4 նախարարական եւ նույնքան էլ մարզպետական պաշտոններ:

Խնդիրն, ամենայն հավանականությամբ, իր վերջնական հանգուցալուծումը կստանա եկող նոյեմբերին, իսկ այս ընթացքում կողմերին կմնա միայն հստակեցնել որոշ «տեխնիկական» մանրամասներ այս ամենը հանրության ամենաանհամբեր հատվածին հնարավորինս համոզիչ ու կշռադատված ներկայացնելու համար:

Հայ ազգային կոնգրեսի տեսանկյունից, միգուցեեւ, լավ բան չի ստացվում, բայց, ինչ արած, մեր կյանքի չգրված դաժան օրենքներից մեկն էլ սա է. ամենակրիտիկական պահին կարող է հայտնվել ավելի հարմար եւ, կարեւորը, ավելի հարուստ «խնամի» ու, առանց աչքը թարթելու, տանել քո երազանքների ասպետին: Ճիշտ է` Լեւոն Զուրաբյանը մի քիչ դժվար կտանի «վիշտը», բայց փոխարենն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով եղավ:

Զուրաբյանը, սակայն, երեւում է` հեշտ հանձնվողներից չէ, նա դեռ հույս ունի, որ ԲՀԿ-ի շուրջ այս խոսակցությունները մտացածին են: Մեկ-երկու օր առաջ մարդն անձամբ վերահաստատեց ՀԱԿ-ի եւ «Բարգավաճի» միջեւ բանակցությունների առկայության վերաբերյալ տեղեկությունը` ասելով. «Եթե ոչ բանակցություններ, ապա ակտիվ շփումներ ունենում ենք»: Այսինքն` նա հավատում էր իրենց համագործակցության լուսավոր ապագային: Բայց ամեն ինչ, կարծես թե, այլ ընթացք է ստանում: Համենայն դեպս` զարգացումներն ակնհայտորեն ուրիշ հուն են մտնում, ընդ որում` ՀԱԿ-ի համար անցանկալի:

Շփումները կամ բանակցությունները, ըստ երեւույթին, բոլորովին այլ նպատակ են հետապնդել: Չի բացառվում, որ ԲՀԿ-ն դա անում էր «հարուստ խնամու» խանդը շարժելու համար: Եվ նրա հաշվարկները փաստորեն ճիշտ դուրս եկան: Ամեն դեպքում վարչապետի թափանցիկ ակնարկները հաստատ մի բան նշանակում են:

Անշուշտ` «Բարգավաճի» վերակողմնորոշման մեջ, եթե իհարկե վերը նկարագրված դիպաշարը վերջնականապես հաստատվի, անսպասելի ոչինչ չկա: Այդպիսի ելքը կանխատեսելի էր վաղուց: Ծառուկյանի նման խոշոր օլիգարխները Հայաստանի կարգի երկրներում չեն կարող ինքնուրույն խաղեր տալ. նրանք սովորաբար պորտալարով կապված են լինում իշխանական համակարգին: Ավելին` նրա մի անքակտելի մասնիկն են, եւ այդ պորտալարը կտրելն իր մեջ գրեթե մահացու վտանգներ է պարունակում:

Այնպես որ, եղածը եղած է, պետք չեն այլեւս տառապանք, անքուն գիշերներ եւ այլն: Լեւոն Զուրաբյանին մնում է ոչ մի բանի մասին չմտածել, պարզապես միացնել մեծն Վարպետի «Սիրեցի, յարս տարան…» հայտնի երգը եւ կամացուկ ձայնակցել նրա հոգեմաշուկ մեղեդիներին:

 

Գեւորգ Լալայան

Back to top button
Close