Մեկնաբանություն

Գաղտնի հանդիպումների սիրահարները

Մամուլում պարբերաբար տեղեկատվություն է ի հայտ գալիս, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հանդիպում եւ բանակցում են: «Խիստ հավաստի» աղբյուրներին հղում անելով՝ նույնիսկ բացահայտում են Սարգսյան-Ծառուկյան հանդիպումների թեմաները եւ խիստ հետաքրքիր մանրամասներ նշում: Բնականաբար,  այս ամենը տեղեկատվական արտահոսքեր են, որոնք ծառայեցվում են քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Այսինքն այդ միջոցով կողմերից որեւէ մեկը փորձում է ամրապնդել իր դիրքերը:

Սակայն, թե՛ ՀՀԿ-ն, եւ թե՛ ԲՀԿ-ն պաշտոնապես լռում են այդ հանդիպումների վերաբերյալ որեւէ հերքող կամ հաստատող ինֆորմացիա հրապարակել, կամ այդ մասին ուժերի ներկայացուցիչները առնվազն խոսում են ակնարկներով: Այս երեւույթը խոսում է երկու բանի մասին՝ քաղաքական համակարգում տիրող բավականին ցածր քաղաքական մշակույթի եւ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող հնարավոր գործարքի մասին: Հայաստանում քաղաքական ուժերի մեծամասնությունը իրենց բովանդակությամբ լինելով ապաքաղաքական, զուտ քաղաքական գործընթացները դիտարկում են հենց այդ համատեքստում: Կուլիսներում քաղաքական առեւտուր եւ «բազառ» անելը ընդունված արատավոր պրակտիկա է:

Ֆորմալ առումով ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն Հայաստանում լինելով առաջին եւ երկրորդ խոշոր կուսակցությունները, նրանց ղեկավարները գերադասում են բանակցություններ վարել, պայմանավորվել կուլիսների հետեւում, հասարակության եւ նույնիսկ սեփական կուսակիցների աչքից հեռու: Այդ պրակտիկան կիրառվեց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը տետ ա տետ հանդիպման ժամանակ որոշեցին կոալիցիոն կառավարություն չկազմել: Բնականաբար այդ ընթացքում երկու առաջնորդների պարբերական հանդիպումների եւ վերջին հանդիպման մասին հասարակությունը եւ սեփական կուսակիցները տեղեկանում էին տեղեկատվական արտահոսքերի միջոցով: Նույն պրակտիկան կիրառվում է նաեւ այսօր: Սարգսյանը եւ Ծառուկյանը հանդիպում են, բանակցում կամ քաղաքական առեւտուր են անում, սակայն այդ մասին իմացվում է «խիստ հավաստի» աղբյուրների միջոցով: Այստեղ բոլորովին էլ նշանակություն չունի, թե ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդը ինչից են խոսում եւ ինչ են պայմանավորվում, քանի դեռ այդ հանդիպումները գաղտնի են պահվում նրանց պայմանավորվածությունները կասկածելի են:

Այն, որ հանդիպումները կազմակերպվում են թաքուն եւ դրանց մասին պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի տրվում, ապա կարելի է լրջորեն կասկածել, որ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով առավելագույն քվեներ ստացած այս երկու կուսակցությունների առաջնորդները քաղաքական առեւտուր են անում: Եթե այդ բանակցությունների բովանդակությունը եւ ընթացքը հասարակությունից թաքցնելու չէ, ապա հանրությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լիներ յուրաքանչյուր հանդիպման եւ արդյունքի մասին:

Այն է՝ ու՞մ նախաձեռնությամբ է տեղի ունենում հանդիպումները, հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվում, կողմերը ի՞նչ նախնական դիրքորոշումներ ունեն եւ այլն: Այդ դեպքում որեւէ մեկը իրավունք չէր ունենալու կասկածել, որ իր թիկունքում գործարք է հասունանում կամ քաղաքական առեւտուր է տեղի ունենում: Կարելի է պատկերացնել, թե ասենք նույն Միացյալ Նահանգներում ինչ տեղի կունենար, եթե պարզվեր, որ Միթ Ռոմինին եւ Բարաք Օբաման գաղտնի հանդիպել են Սպիտակ տանը ինչ-ինչ պայմանավորվածությունների հասնելու համար: Միացյալ Նահանգներում հասարակությունը առնվազն նրանց կդադարեր ընկալել որպես քաղաքական գործիչներ: Քաղաքական գործընթացների թափանցիկությունը կարող է նոր որակ հաղորդել հայկական քաղաքական մշակույթին: Միաժամանակ հիմնական ուժերը եւս պետք է պատրաստ լինեն առավելապես թափանցիկ գործելու, եթե իհարկե հանրությունից որեւէ բան թաքցնելու խնդիր չունեն:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close