Մեկնաբանություն

…Իսկ Տեր-Պետրոսյանը բազմանշանակ լռում է

Հայ ազգային կոնգրեսում դարձյալ խառնաշփոթ է: Ինչպես նման դեպքերում ասում են` աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Նախագահական ընտրություններին ընդառաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը նոր փնտրտուքների մեջ է: Կարելի է ասել` նոր տվայտանքների: Զուրաբյանական թեւը, կարծես թե, հաշտվելով այն իրողության հետ, որ ԲՀԿ-ի «փոխկանչին» ապավինելն այլեւս անիմաստ է, փոխգործակցության նոր ձեւաչափեր է մտմտում: Կրկին մեջտեղ է հանվում ընդդիմադիր միասնական թեկնածուի խնդիրը, որի դերում ՀԱԿ-ը տեսնում է բացառապես իր առաջնորդին:

Թվում է` միասնական թեկնածուի թեման մարված խաղաթուղթ է. այդ գաղափարը «խեղդվեց» դեռ խանձարուրում, երբ պարզ դարձավ, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտի խայտաբղետությունն այդ առումով ապագա չի խոստանում: Միասնական թեկնածուն պետք է լիներ մեկը, մինչդեռ ցանկացողները շատ էին: Ընդհանուր հայտարարի գալու որեւէ հեռանկար չէր առկայծում: Բացի դրանից, ընդդիմության համար բավական զգայուն այդ գործընթացին աննկատ միջամտելու փորձեր ձեռնարկեց իշխանությունը` Ահարոն Ադիբեկյանի շուրթերով հավաստիացնելով, թե այդ դաշտի ամենաընդունելի թեկնածուն, ըստ սոցիոլոգիական հարցումների, Գագիկ Ծառուկյանի կերպարն է:

Այդպիսով` գաղափարը վերջնականապես վարկաբեկվեց, որովհետեւ Ադիբեկյանի տեսակետն ընկալվեց իբրեւ ընդդիմադիր դաշտի ձայները փոշիացնելու նախագիծ, որը հղացել է իշխանության միջանցքներում: Ուրեմն` իրեն սպառած այդ օրակարգի վերաթարմացումը ՀԱԿ-ի կամ ցանկացած մեկ այլ քաղաքական ուժի կողմից նույնն է, ինչ այն խեղդվողի հուսահատ ճիգերը, ով ձեռքը փրփուրներին է մեկնում: ՀԱԿ-ի համակիրները կամ, ավելի ճիշտ կլինի ասել, նոսրացող այն զանգվածը, որ համակիրներից մնացել է, տոտալ անորոշության ներկա վիճակում Կոնգրեսից ակնկալում են հետագա քայլերի, ծրագրերի, մտադրությունների հստակեցում:

Սակայն անորոշությունն այդպես էլ չի փարատվում, հանրահավաքներ վաղուց չեն հրավիրվում, եւ վստահության ճգնաժամը շարքերում, բնականաբար, խորանում է: Քիչ է մխիթարում Լեւոն Զուրաբյանի պարզաբանումը, թե հանրահավաքներ չեն անցկացվում, քանի որ առայժմ չունեն ժողովրդին ամենաշատը հետաքրքրող հարցի պատասխանը` ՀԱԿ-ը նախագահական ընտրությունների գնում է սեփակա՞ն թեկնածուով, թե՞ մտադիր է պաշտպանել այլ թեկնածուի:

Եթե պաշտոնապես հայտարարվում է, որ ընտրազանգվածին հուզող ամենագլխավոր խնդիրը ընտրություններում այդ դաշինքի որդեգրած դիրքորոշումն է` դա կարող է նշանակել, որ համակիրների առնվազն մի պատկառելի հատված ցանկանում է իր քաղաքական նախասիրությունները վերանայել` ելնելով հենց այդ չափանիշից: Բայց հարցի հստակ պատասխանը չի հնչում: Ավելին` «կոնգրեսական» որոշ գործիչների հրապարակային ելույթներն ավելի են խճճում իրավիճակը: Այսպես, օրերս ՀԱԿ-ի երեւելի դեմքերից մեկը` Գուրգեն Եղիազարյանը, ոչ ավել ոչ պակաս, հայտարարեց, թե Կոնգրեսը իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար պատրաստ է համագործակցել անգամ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Երեւում է` ՀԱԿ-ի ներսում նյարդային լարվածությունն իր կիզակետին է հասնում: Անորսալի մի տագնապ է կարծես թեւածում մթնոլորտում, չհագեցված մի սպասում, որ համակել է շատերին: Մարդիկ անհամբեր են դարձել, սպասում են, թե ինչ կասի «շեֆը», իսկ նա… բազմանշանակ լռում է: Ընդհանրապես` գեղեցիկ, իմաստալից լռելու «արվեստին» ՀՀ առաջին նախագահը հիանալի տիրապետում է: Սա արդեն վիճարկման ենթակա հարց չէ: Տասնամյա «լռության ուխտի» նախորդ փորձը 2007-ին նշանավորեց նրա շռնդալից մուտքը մեծ քաղաքականություն:

Բայց չնայած այդ դրական փորձին` Տեր-Պետրոսյանի ներկայիս լռությունը, կարծես թե, յուրայինների աչքում առաջվա հմայքը չունի: Ավելին` այն չունի առաջվա իմաստը եւ, ամենակարեւորը, տասնամյա ժամկետ չի հանդուրժում: ՀԱԿամերձ որոշ շրջանակներ, այնուամենայնիվ, այդ լռության մեջ եթե ոչ իմաստ, ապա կարեւոր ինչ-որ խորհուրդ տեսնում են: Նրանք գրեթե համոզված են` Տեր-Պետրոսյանի լռության շնորհիվ է, որ առայժմ կանգուն է ՀԱԿ-ը: Բավական է նրա ընդամենը մեկ անզգույշ խոսքը, դիտարկումը, նույնիսկ ձեռքի թեթեւակի շարժումը, եւ Կոնգրեսի երերացող բուրգը կարող է ներսից պայթել: Ճիշտ նույն էֆեկտով, ինչ վառոդի տակառին լուցկու մի վառվող հատիկ մոտեցնելիս: Գիտակներն ասում են, որ այս մտավախությունը հոգեբանական առումով հիմնազուրկ չէ:

Թեպետ չի բացառվում, որ առաջին նախագահի լռության պատճառը կարող է ավելի երկրային լինել: Օրինակ` ասելիքի բացակայությունը, ինչպես հայտնի անեկդոտում է. Երեխան դառնում է 5 տարեկան, բայց դեռ չի խոսում: Մեծերն անհանգստանում են: Եվ ահա մի օր, երբ ընտանիքը սովորականի պես ճաշի է նստում, հանկարծ լսվում է չխոսկան երեխայի ձայնը. «սեղանի վրա աղ չկա»: Տնեցիներն իրար են խառնվում, ուրախանում, որ երեխայի լեզուն բացվեց: «Ցավդ տանեմ, բա ինչո՞ւ մինչեւ հիմա չէիր խոսում»,- երջանկության փայլը աչքերում` հարցնում է տատիկը: «Մինչեւ հիմա պակաս բան չկար»:

Մի՞թե ՀԱԿ-ում բանը դեռ չի հասել սեղանից պակասող «աղին»:

 

Գեւորգ Լալայան

Back to top button
Close