Մեկնաբանություն

Համաժողովրդական շարժումից մինչեւ Գագիկ Ծառուկյան

«Ես ասել եմ, որ բացառում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը պաշտպանի Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուին», — ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը վերջին շրջանում ինտենսիվորեն «քաղաքագիտական վերլուծություն» է ներկայացնում  առ այն, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միասնական թեկնածուն մղձավանջ կարող է դառնալ Սերժ Սարգսյանի համար:

Նիկոլ Փաշինյան-Լեւոն Զուրաբյան հակադրությունը միայն առիթ էր ՀԱԿ-ում տիրող ֆունդամենտալ ճգնաժամը հրապարակային վեճի առարկա դարձնելու համար: Այն, որ ՀԱԿ-ը կանգնելու էր կոտրած տաշտակի առաջ, դեռեւս պարզ էր այն պահից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը  հայտարարեց, որ հեղափոխություն չեն անելու եւ հորդորեց իր կողմնակիցներին մոռանալ հեղափոխության մասին: Այդտեղից սկսվեց ՀԱԿ-ի ֆունկցիոնալ նշանակության աղճատումը քաղաքական ասպարեզում: 2007թ. ձեւավորված Համաժողովրդական շարժումը հիմնական նպատակ էր հռչակել «ավազակապետության» կազմաքանդումը եւ Սահմանադրական կարգի հաստատումը, ընդ որում, շարժման հռետորաբանությունը եւ գործողությունների տրամաբանությունը ամբողջովին հեղափոխական էր: Դրա շնորհիվ հաջողվեց հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովել՝ հեղափոխական ճանապարհով եւ կարճ ժամանակահատվածում իշխանափոխություն իրականացնելու համար:

Հեղափոխական ճանապարհից հրապարակայնորեն հրաժարվելուց հետո, մինչեւ 2011թ. մարտի 17-ը, Հայ ազգային կոնգրեսի վերածված համաժողովրդական շարժումը քաղաքական ասպարեզում շարունակում էր մնալ որպես ազդեցիկ գործոն: Սակայն երբ մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ազդարարեց Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու պատրաստակամությունը, կոնգրեսը քաղաքական գործոնից սկսեց վերածվել կրավորական քաղաքական ուժի: Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել էր, որ միայնակ իշխանափոխություն հնարավոր չէ անել, ուստի եւ սկսվեց իշխանափոխության հարցում դաշնակիցների փնտրտուքը, որն ավարտվեց ՀԱԿ առաջնորդի քաղաքագիտական վերլուծությամբ, ինչը ենթադրում էր այն ժամանակ իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն: Ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի հետ երկխոսությունը, բնականաբար, պետք է դժգոհության ալիք առաջացներ ՀԱԿ-ի ներսում:

ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը կընկալվեր այն դեպքում, եթե վերջինս նախաձեռնող կողմ լիներ: Այս պարագայում ակնհայտ է, որ երբեմնի ազդեցիկ ընդդիմադիր միավորումն  ինքն է խիստ նախաձեռնող   դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առումով, եւ ակնհայտ ռեվերանսներ է կատարում ԲՀԿ-ի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ից այդ ռեվերանսներին ոչ միանշանակ են արձագանքում: ՀԱԿ-ի ներսում տիրող իրավիճակը օբյեկտիվ արտահայտությունն է այն գործողությունների, որոնք Համաժողովրդական շարժումը հասցրեցին մի վիճակի, որ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցը կախված է Գագիկ Ծառուկյանի որոշումից: 2007-2008թթ. Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները իրենց մղձավանջային երազում անգամ նման իրավիճակը չէին էլ կարող պատկերացնել:

Կոնգրեսի ներսում ընթացող գործընթացներից յուրաքանչյուր ուժային կենտրոն փորձելու է իր «փայը» վերցնել՝ ծառայեցնելով սեփական քաղաքական նպատակներին: Օբյեկտիվորեն Կոնգրեսում նաեւ գործիչներ կան, որոնք հավատարիմ են մնացել Համաժողովրդական շարժման սկզբունքներին եւ նպատակներին: Այլ հարց է, թե գրեթե ոչնչացված հանրային աջակցության ռեսուրսով, որքանո՞վ հնարավոր կլինի 2013թ. կյանքի կոչել Համաժողովրդական շարժման հիմնական նպատակը:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close