Մեկնաբանություն

Սիրուն չի, Աղվա’ն

ՀՀ Կառավարությունում անցկացրած խորհրդակցության ոգով Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազությունում` իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն  անցկացրեց: Սերժ Սարգսյանը այս անգամ էլ չէր դադարում զարմանալ դատախազների անփութության, չարամտության, ստորության եւ անբարոյականության վրա: Գործող նախագահը հենց նոր հայտնաբերեց, որ նախաքննական պրակտիկայում դեպքեր են լինում, որոնք անհամատեղելի են առողջ բանականության հետ եւ, կարծես թե, առաջին անգամ իմացավ, որ քննությունը վարող պաշտոնյաները հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը:

Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը վերջերս է տեղեկացվել իրավապահ համակարգում տիրող հակաօրինական մթնոլորտի մասին: Այդպիսի իրավիճակ այդ համակարգում տիրում է 1990-ական թվականների սկզբից: Իսկ եթե մի քիչ էլ հիշողությունը լարենք, ապա կարող ենք հիշել, որ նորանկախ Հայաստանի պետական ապարատում Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ կարեւորագույն պոստեր է զբաղեցրել այդ նույն իրավապահ համակարգում: Հետեւաբա,  իրավապահ ոլորտում տիրող արատավոր երեւույթների մասին Սերժ Սարգսյանը, ի սկզբանե անձնական փորձից ելնելով, բովանդակալից տեղեկացված է:

Փորձը ցույց է տալիս, որ այս կամ այն ոլորտում տիրող արատավոր երեւույթների նկատմամբ Սերժ Սարգսյանի հրապարակային զարմանքն ու քննադատությունները պայմանավորված են կոնկրետ քաղաքական նպատակներով, եւ դրանք հասկանալի են դառնում միայն իշխանական համակարգում կատարվող վերադասավորումների շրջանակներում: Օրինակ` Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ արծարծված «ատկատների» թեման շատ կոնկրետ հասցեատեր ուներ՝ ԲՀԿ-ական նախկին նախարարները: Խիստ տարօրինակ զուգադիպությամբ խորհրդակցությունից հետո սկսվեց Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի գաղտնի հանդիպումների ինտենսիվ փուլը:

Գաղտնիք չէ, որ ՀՀ դատախազությունը աշխատում է խորհրդային դատախազության տրամաբանությամբ եւ ոգով, որտեղ օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարական իրավաընկալումը շատ քիչ տեղ ունի: Այդ մասին գիտեն բոլորը, այդ թվում նաեւ` Սերժ Սարգսյանը:

Կրկին տարօրինակ զուգադիպությամբ դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունից առաջ «խիստ իրազեկ» լրատվամիջոցներով արշավ էին սկսել ՀՀ գլխավոր դատախազի դեմ: Արշավի հիմնական թեման Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործն էր: Թեեւ այս գործի մասին Սերժ Սարգսյանը որեւէ բան չի ասել, սակայն ակնհայտ էր, որ բացթողումները, որոնց մասին խոսել է ՀՀԿ առաջնորդը, ամբողջովին տեղ են գտել Վարդան Օսկանյանի գործում:

Ներկայիս գլխավոր դատախազը, հլու կամակատար լինելով հանդերձ, որոշակի անվստահություն է վայելում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական որոշակի շրջանակների մոտ: Հատկապես վերջիններս, մեղմ ասած, դեմ չէին լինի, եթե Աղվան Հովսեփյանը չղեկավարեր ՀՀ գլխավոր դատախազությունը: Բացի այդ` Վարդան Օսկանյանի գործով միջազգային հանրության եւ ՀՀ-ում հավատարմագրված արեւմտյան պետությունների դեսպանների արձագանքները բավականին կոշտ էին: Իշխող վարչակարգը պետք է ինչ-որ կերպ պատասխանի Արեւմուտքին: Իրավիճակից «չոր» դուրս գալու համար Սերժ Սարգսյանը կամ պետք է մինչեւ վերջ գնա եւ նախկին արտգործնախարարին կալանավորի՝ ցույց տալու համար, որ նա իրոք մեղավոր է, կամ պետք է ինչ-որ մեկին զոհաբերի: Իսկ զոհաբերվող ամենահավանական թեկնածուն Աղվան Հովսեփյանն է: Եթե քաղաքական վերադասավորումների շրջանակներում Սերժ Սարգսյանի համար հաճելի արդյունքներ գրանցվեն, շատ հնարավոր է, որ գործարկվի երկրորդ սցենարը: Իսկ այդ դեպքում, թե ինչ մեթոդներով կպատժեն ՀՀ գլխավոր դատախազին, ճաշակի եւ մոտեցումների խնդիր է, կարեւորը, որ «Բարի թագավոր, չար բոյարներ» ներկայացումը համոզիչ թվա:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close