Մեկնաբանություն

Նախարարի քնարական զեղումները…

Աշխարհ տեսած մարդ է երեւում մեր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. նրան ոչնչով չես զարմացնի: Օրինակ` բերան ու կոպեր կարելը, նրա խոսքով, սովորական բան է` ընդամենը “piercing”-ի տարբերակներից մեկը, որից աղջիկներն օգտվում են ականջօղերի համար անցք բացելիս: Երեկ լրագրողների հետ զրույցում նախարարը հենց այդպես էլ «մեկնաբանեց» դատապարտյալների բողոքի ակցիան` ընդդեմ իրենց հանդեպ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի, ընդդեմ նվաստացումների: Այսինքն` մարդիկ հարկադրաբար դիմում են հուսահատ քայլի, իսկ նախարարի գնահատմամբ` դա աննշան, գրեթե դատարկ մի զբաղմունք է:

Ավելի վաղ նույնպիսի դրդապատճառներով հացադուլ էին հայտարարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 4 կալանավորներ, որոնցից մեկը արդարադատության մարմինների ու մամուլի ուշադրությունը գրավելու համար կտրել էր իր ճկույթը եւ նամակի հետ ծրարելով` ուղարկել կայքէջերից մեկի հասցեով: Ցավալի այդ միջադեպի առնչությամբ նույնպես չէր ուշացել Թովմասյանի եզրութաբանական «համարժեք» բնորոշումը` ինքնավնասում: Ընդամենն այսքանը:

Չէ, ինչ ուզում եք ասեք, աշխարհ տեսած մեր նախարարին ոչնչով չես զարմացնի` չնայած նրան զարմացնելու խնդիր որեւէ մեկը չունի: Ավելի շուտ նրան ինչ-որ կերպ սթափեցնելու, ոլորտի պատասխանատուի իր վսեմ պարտքի ու կոչման մասին հիշեցնելու խնդիր ունեն վատթարագույն պայմաններում հազիվ գոյություն քարշ տվող դատապարտյալները, ովքեր չեն կարողանում լսելի դարձնել իրենց ցավը: Դժվար չէ պատկերացնել, թե բարոյահոգեբանական ինչպիսի վիճակի պետք է հասցված լինի մարդ, որպեսզի իր անլուր տառապանքների վրա տարրական ուշադրություն հրավիրելու համար կարի կոպերն ու բերանը կամ կտրի մատը: Այդ մասին պատկան մարմիններում որեւէ մեկը մտածե՞լ է: Խիստ կասկածելի է:

Փառք Աստծո, որ գոնե ազատազրկման վայրերում բազմաթիվ լրջագույն խնդիրների առկայության փաստին նախարարը որեւէ անհոդաբաշխ եզրույթ չի «կպցնում»: Ըստ երեւույթին, տիրող վիճակը, մասնավորապես` գռեհկաբարո, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խոշտանգումների դեպքերն այնքան ակնբախ են, որ նախարարի վառ երեւակայությունն անգամ չի կարող հերքել դառն իրողությունը: «Մեկ տարի անց ունենալու ենք նորմալ քրեակատարողական հիմնարկներ, եւ այդ բոլոր հարցերն այլեւս չեն լինելու»,- վստահեցնում է Հրայր Թովմասյանը` նկատի ունենալով Արմավիրում կառուցվող տիպային նոր շենքը, որը նախագծված է միջազգային չափանիշներին համապատասխան:

Իհարկե` շենքային լավ պայմաններն ինքնին կառավարման որակի բարձրացման կազմակերպական աշխատանքների բարելավման, կալանավորների իրավունքների հարգման երաշխիք չեն կարող լինել: Հետեւաբար` հազիվ թե ցանկալի արդյունք տան անընդհատ մեզ խոստացվող, բայց այդպես էլ կյանքի չկոչվող դատաիրավական բարեփոխումները, եթե դրանց առանցքում չդրվի ու չկարեւորվի մարդկային գործոնի դերը: Պատահական չէ, որ տեղական եւ միջազգային իրավապաշտպան մի շարք կառույցների եզրահանգմամբ` մեր կալանավայրերում վիճակն ավելի լավ չէ, քան

Թբիլիսիի Գլդանի բանտում, որտեղ բացահայտված աղմկահարույց դեպքերի համար եղան ոլորտի պատասխանատուների` ընդհուպ նախարարների հրաժարականներ:

Գլդանիում տեղ գտած ամենաթողության եւ իրավական կամայականությունների առնչությամբ Վրաստանի հասարակությունն ալեկոծվեց, եւ համազգային բողոքի հուժկու ալիք բարձրացավ ընդդեմ բռնությունների ու բանտային անբարո բարքերի, ընդդեմ դատապարտյալների իրավունքների կոպիտ ոտնահարումների: Մեզանում իրավիճակը մի փոքր այլ է: Վրեժխնդրության վախի պատճառով տուժողների մեծամասնությունը չի բողոքում, իսկ հատուկենտ ըմբոստացողների ակցիաներն էլ արժանանում են ոլորտի մեծամեծերի արհամարհանքին, հնչում իբրեւ «ձայն բարբառոյ հանապատի»:

Դժվար է ասել, թե դաժան իրականությունը տեսնելու համար երբ, ի վերջո, կբացվեն մեր արդարադատության կարված աչքերը: Եվ մեզ առայժմ մնում է մխիթարվել նրանով, որ նախարարը կալանավորների բողոքի ակցիան համեմատեց գոնե “piercing”-ի հետ, որի մեջ ինչ-որ քնարականություն կա, այլ ոչ թե ասենք` կոշկակարի: Կարող էր, չէ՞:

 

Գեւորգ Լալայան

Back to top button
Close