Մեկնաբանություն

Սերժ Սարգսյանի առեւտուրը

2013թ. նախագահական ընտրություններից առաջ քաղաքական եւ հասարակական շրջանակներում նկատվում են ապատիկ եւ դեպրեսիվ տրամադրություններ: Նման իրավիճակ չի նկատվել նախորդ նախագահական ընտրություններից եւ ոչ մեկից առաջ: Թեւվ մյուս նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դաշտը ամբողջությամբ միասնական թեկնածուով հանդես չի եկել, սակայն ընդգծված ընդդիմադիր լիդերներ՝ հանրային մոբիլիզացիոն ներուժով, միշտ էլ եղել են: 1996թ. Վազգեն Սարգսյանը, 1999թ. Կարեն Դեմիրճյանը, 2003թ. Ստեփան Դեմիրճյանը եւ 2008թ.՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մարդիկ եւ նրանց քաղաքական թիմը ժողովրդի ընդդիմադիր հատվածի մեծամասնության մոտ փոփոխությունների հույսեր են արթնացրել:

Տարօրինակ է, երբ հասարակության գերակշիռ մեծամասնությունը ընդդիմադիր տրամադրություններ ունի, մինչդեռ քաղաքական ասպարեզում այդ ընդդիմադիր տրամադրությունները կենտրոնացնող եւ ուղղորդող քաղաքական ազդեցիկ ուժ կամ գոյություն չունի, կամ նման հավակնություններ չի ցուցաբերում: Պատճառն այն է, որ այդ ուժերը հիմնականում առաջնորդվում են նեղ անձնական ու կուսակցական շահերով՝ անտեսելով հանրային եւ պետական շահը, որի արդյունքում ժամանակի ընթացքում նրանք ինֆլյացիայի են ենթարկվում:

Սերժ Սարգսյանը, ունենալով լեգիտիմության լրջագույն պակասորդ, տապալված լինելով սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտներում, երկրորդ ժամկետում «ընտրվելու» մասին մտածելու համար նրան հենց այսպիսի ներքաղաքական իրավիճակ էր անհրաժեշտ:

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ամլացնել եւ դեգրադացնել  գրեթե ողջ քաղաքական դաշտը՝ առանց բռնի մեթոդների: Ավելին, գործող նախագահը գրեթե զուրկ է բռանպետներին հատուկ հատկանիշներից, կամային հատկանիշներն ու ներուժը նրան պարզապես հնարավորություն չեն տալիս դառնալ Քադաֆի կամ Պինոչետ: ՀՀԿ առաջնորդը ոչ թե բռնապետ է, այլ հմուտ առեւտրական:

Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտի խաղացողներին վերաբերվում է զուտ առեւտրականի հոգեբանությամբ՝ նրանց անելով այնպիսի առաջարկներ, որոնք գայթակղիչ են նեղ անձնական եւ կուսակցական շահերի տեսակետից: Կանխիկ գումարներ, պաշտոններ, արտոնություններ բաշխելու միջոցով ՀՀԿ առաջնորդը հանրության աչքի առաջ ուղակի «փչացրել» եւ հեղինակազրկել է իր պոտենցիալ մրցակիցներին: Քաղաքական դաշտի դեգրադացիայի համար մեղավորությունը ոչ այնքան Սերժ Սարգսյանինն է, որքան ինքնակամ դեգրադացվող եւ հեղինակազրկվող քաղաքական ուժերինը: Ի սկզբանե հանրային շահը սպասարկելու առաքելությունը իրենց վրա վերցրածները, իշխանության դեմ ընդդիմացողները, իրականում գործել եւ գործում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ կամա թե ակամա կանաչ լույս վառելով ՀՀԿ առաջնորդի համար: Այլ պայմաններում Սերժ Սարգսյանը գրեթե շանս չէր ունենա, թեկուզ եւ ընտրությունները կեղծելու միջոցով բազմել ՀՀ նախագահի աթոռին:

Գործող նախագահը՝ ինչքան առանց հիմնական մրցակցի մոտենում է նախագահական մրցավազքին, այդքան մեծանում է հավանականությունը, որ 2013թ. նախագահական ընտրությունները պարզապես թատերական բեմականացում կլինեն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների հայտնագործած «անաղմուկ աշխատող» ընտրակեղծիքների մեքենային կարելի է դիմագրավել միմիայն հանրային լայն մոբիլիզացիայի եւ հրապարակային պայքարի միջոցով: Սակայն մինչ այս պահը հանրային տրամադրությունների նման գեներացիա չի նկատվում եւ քիչ հավանական է, որ ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում հանրային դիմադրության լայնածավալ ալիք հասունանա: Թեեւ այդպիսի ալիք գեներացնելու առանձանպես մեծ ցանկություն էլ չի նկատվում:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close