Մեկնաբանություն

ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի Գյումրվա կոալիցիան

Մինչ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ասպարեզում շարունակվում է քաղաքական առեւտուրն ու վայրիվերումները, մարզերում քաղաքական զարգացումներն ուրվագծում են ուժերի իրական դասավորվածությունը: Թիվ 35 ընտրատարածքում տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների նախաշեմին կուսակցությունների եւ նրանց ներկայացուցիչների պահվածքը առավել քան տարօրինակ է, կամ մի գուցե շատ էլ բնական:

Նախագահական ընտրություններով պայմանավորված՝ իշխանություններին քննադատողների եւ «ընդդիմացողների» թիվը բավականին շատացել է, որոնց մի հիմնական մասը օգտվելով Սերժ Սարգսյանի «նեղ» վիճակից փորձում են ավելի մեծ կտոր թռցնել, իսկ մյուս մասն ընդդմիանում են ընդդիմանալու համար, քանի որ այնքան են անփութորեն օգտագործել իրենց հանրային աջակցության ռեսուրսը, որ այլ լուրջ գործողությունների դիմելու ընդունակ չեն: Մինչ հանրապետական մասշտաբի քաղաքական գործիչները փորձում են տարատեսակ կոնսուլտացիաների եւ պլատֆորմների միջոցով հակաիշխանական գործողությունների պատրանք ստեղծել, մարզային մասշտաբի գործիչները զբաղված են բավականին պրագմատիկ գործունեությամբ:

Հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ Արման Սահակյանին, ով առաջադրվել է թիվ 35 ընտրատարածքում, արդեն սատարում է նաեւ Ախուրյանի համայնքապետ, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի ՀՅԴ կոմիտեի նախագահ Արծրուն Իգիթյանը: Համենայնդեպս, Արծրուն Իգիթյանը Ախուրյանում Արման Սահակյանի քարոզարշավի ամբողջ ընթացքում ուղեկցել է պատգամավորի թեկնածուին, իսկ նրա հետ հանդիպման ժամանակ  ուսուցիչների եւ համայնքապատկան հիմնարկների աշխատակիցների ներկայությունը ապահոված էր: Թեւվ Իգիթյանը մերժում է Արման Սահակյանին աջակցելու փաստը, սակայն գործը խոսքից զորավոր է:

Թե ի՞նչ մոտիվացիայով է Արծրուն Իգիթյանը կանգնել Արման Սահակյանի կողքին՝ ֆինանսական աջակցության խոստման, թե՞ վարչահրամայական պարտադրանքի ուժով, արդեն երկրորդական է:

Դաշնակցական Արծրուն Իգիթյանից առաջ, Արման Սահակյանին շտապել էր աջակցել ու սատարել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս, ի տարբերություն Ախուրյանի համայնքապետի, պարզ ու մաքուր ճակատով, բացահայտ հայտարարել էր ՀՀԿ-ի թեկնածուին պաշտոնապես աջակցելու մասին:

Հատկանշական է, որ այդ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածուի դեմ պայքարում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը: Եթե հետեւելու լինենք իշխանության դեմ միասնական ճակատ ձեւավորելու մասին հայտարարություններին, ապա տրամաբանական էր, որ նույն ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն որոշում կայացնեին  այդ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածուին պաշտպանելու մասին:

Ստեղծված իրավիճակը առավել քան զավեշտալի է. ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը Երեւանում խոսում են իշխանափոխության, համակարգային փոփոխությունների եւ միասնական թեկնածուի մասին, իսկ ՀՀ երկրորդ քաղաքում այդ նույն կուսակցությունների առանցքային դեմքերը ՀՀԿ-ի հետ ուս ուսի տված ռեգիոնալ կոալիցիա են կազմել: Եթե մարզային կուսակցականների՝ Սամվել Բալասանյանի եւ Արծրուն  Իգիթյանի վարքագիծը հակասում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քաղաքական կուրսին, ապա կենտրոնից պետք է որ համապատասխան վերաբերմունք ցուցաբերվեր նրանց նկատմամբ: Սակայն այդ կուսակցությունների կենտրոնական մարմինները խորհրդավոր լռում են:

Այն, ինչ համապետական մասշտաբով չի ստացվում Սերժ Սարգսյանի մոտ, մարզային մակարդակով հիանալի կյանքի է կոչում նեոօլիգարխ Արման Սահակյանը:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close